Աբխազիայի իշխանությունները առաջարկում են լուրջ փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» պայմանագիրը, որը հանրապետության քաղաքական շրջանակներում լուրջ դժգոհությունների առիթ էր տվել:
Մոսկվայի կողմից շրջանառության մեջ դրված պայմանագրի նորացված տարբերակը Աբխազիայի նախագահի աշխատակազմի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներից կազմված միացյալ աշխատանքային խմբի անդամները հանրությանը ներկայացրեցին անցած շաբաթավերջին:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Ասլան Կոբախիայի խոսքով՝ իրականացված փոփոխությունները շատ տրամաբանական էին, քանի որ նախորդ` Մոսկվայում մշակված տարբերակը չէր համապատասխանում Աբխազիայի շահերին: «Ռուսական կողմը մեզ պայմանագրի նման անհարգալից տարբերակ ուղարկելով, իսկ այն, որ պայմանագիրը այդպիսին է, ես երբեք չեմ թաքցրել, առաջնորդվում էր Աբխազիայի իշխանությունների` վերջին տարիների ցուցաբերած պահվածքով: Արդեն քանի տարի է, ինչ մենք Մոսկվայի հետ հարաբերություններում խնդրողի դերում ենք, ասելով` «այս կամ այն տվեք մեզ», - նշում էր պատգամավորը:
Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ աբխազական կողմը Մոսկվայից ուղարկված փաստաթուղթը ենթարկել է արմատական փոփոխությունների` ընդհուպ մինչև վերնագիրը: Եթե համաձայնագրի ռուսական տարբերակը կոչվում էր «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին պայմանագիր», ապա Աբխազիայի իշխանությունների պատրաստած փաստաթղթում «ինտեգրում» բառն արդեն փոխարինվել է «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությամբ:
Բացի այդ, զգալի փոփոխությունների են ենթարկվել համաձայնագրի նախագծի այն դրույթները, որոնք վերաբերում են Ռուսաստանի Դաշնության բանակի հետ Աբխազիայի զինված ուժերի փաստացի միավորմանը: Պայմանագրի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ համատեղ զորախմբի կազմում պետք է ընդգրկվի ողջ աբխազական բանակը, իսկ միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվելու է Մոսկվայի կողմից: Սուխումիի առաջարկով, սակայն, համատեղ զորախմբի կազմում կընդգրկվեն միայն որոշ աբխազական ստորաբաժանումներ, իսկ հրամանատարների նշանակումը կիրականացվի ռոտացիոն կարգով:
Աբխազական կողմը առաջարկում է նաև, որպեսզի պայմանագրից դուրս բերվի «Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի միջև փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու» պարտավորության մասին դրույթը: Փոխարենը, Աբխազիայի իշխանություններն առաջարկում են փաստաթղթում գրել, որ Սուխումին և Մոսկվան պարտավորվում են համակարգված արտաքին քաղաքականություն իրագործել: «Հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ», - Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի խոսքերն են մեջբերում տեղի լրատվամիջոցները: