Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը տապալվեց


Ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլն այդպես էլ որևէ առարկայական արդյունքի չհանգեցրեց: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այսօր Չեխիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ընթացքում այդպես էլ որևէ առաջընթաց չապահովեցին` չկարողանալով անգամ համաձայնության գալ հաջորդ հանդիպման անցկացման անհրաժեշտության և ժամկետների շուրջ:

«Սա բանակցային այս ձևաչափի պատմության մեջ թերևս ամենածանր և սուր հարցադրումներ պարունակող հանդիպումն էր», - մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտին հայտարարեց Զուրաբ Աբաշիձեն:

Այն, որ բանակցությունները կտապալվեն թերևս կանխատեսելի էր հատկապես ռուսական իշխանությունների վերջին գործողությունների ֆոնին: Oրերս պաշտոնական Մոսկվան Աբխազիայի խորհրդարանին էր ներկայացրել «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» համաձայնագրի նախագիծը, որի ստորագրման դեպքում Աբխազիան կարող է կորցնել իր ինքնիշխանության զգալի մասը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը սակայն համաձայն չէ Աբխազիայի անկախության հնարավոր կորստի մասին պնդումներին: Այսօրվա հանդիպումն էլ ռուսաստանցի դիվանագետի համոզմամբ դրական կողմեր ուներ:

«Չնայած բոլոր բարդություններին, որոնք երբեմն արհեստականորեն ներմուծվում են մեր բանակցային ձևաչափում, երկխոսությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է: Վրացական կողմի պահանջով այսօրվա բանակցությունները ամբողջությամբ նվիրված էին Աբխազիայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի նախագծին: Չգիտես, թե ինչու այս փաստաթուղթը ծայրահեղ նյարդային արձագանք է ստացել Վրաստանի քաղաքական շրջանակներում», - նշում էր Կարասինը:

Բանակցությունների մեկնարկից առաջ Վրաստանում կոչեր էին հնչում ընդհանրապես հրաժարվել բանակցային այս ձևաչափից, կամ գոնե բայկոտել բանակցությունների այս փուլը: Ինքը՝ Զուրաբ Աբաշիձեն, թեև բանակցային հերթական փուլից որևէ լավատեսական սպասելիք չուներ, այնուհանդերձ հարկ համարեց չհրաժարվել Գրիգորի Կարասինի հետ արդեն իսկ ծրագրված հանդիպումից: Այլ հարց է, որ դեռ մինչև հանդիպման մեկնարկը պարզ էր` բանակցությունների օրակարգը կտրուկ կերպով փոխվել է: Եթե նախկինում կողմերը պատրաստվում էին քննարկել տրանսպորտային համագործակցության հարցը`մասնավորաբար Աբխազական երկաթուղու վերաբացման հեռանկարներն ու Կախեթի-Դաղստան մայրուղու շինարարությունը, ապա այժմ քննարկումների միակ թեման դարձավ ռուս-աբխազական համաձայնագիրը:

«Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, ապա ակնհայտ կդառնա, որ մենք գործ ունենք բռնակցման հետ: Դա չի կարող չունենալ համապատասխան իրավական հետևանքներ: Հուսով եմ, որ Ռուսաստանն այդ քայլին չի գնա, քանի որ դա կնշանակի այն երկխոսության տապալումը, որը մեկնարկել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկու տարի առաջ», - այսօրվա բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշում էր Աբաշիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG