Մատչելիության հղումներ

Մոսկվան Թբիլիսիից ազդակներ է սպասում


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Վրաստանի նախագահը, սակայն, ոգևորված չէ ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման գաղափարից:

Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր վրաց պաշտոնակցի հետ, եթե Թբիլիսիից նման ազդակներ լինեն: Երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, թե նախագահների հանդիպման կազմակերպման համար նախևառաջ անհրաժեշտ է «վրացական իշխանությունների քաղաքական կամքը»:

Պաշտոնական Թբիլիսին, սակայն, պնդում է` Պուտին - Մարգվելաշվիլի հանդիպման անցկացումը վրացական դիվանագիտության օրակարգում ընդգրկված չէ:

«Գոյություն ունեն դիվանագիտական խողովակներ, որոնց միջոցով էլ կազմակերպվում են նման հանդիպումները: Որևէ դիվանագիտական նոտա կամ փաստաթուղթ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվա չի ուղարկել, այնպես որ ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ հանդիպման մասին է խոսքը», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Պուտին - Մարգվելաշվիլի դեմ առ դեմ բանակցությունների թեման Վրաստանում կրկին արդիական դարձավ նախագահի նախկին խորհրդական Վանո Մաճավարիանիի՝ «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցից հետո: Այդ հարցազրույցում նախկին պաշտոնյան պնդում էր, թե Վրաստանի և Ռուսաստանի նախագահների ծրագրված հանդիպումը տապալել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ վատ հարաբերություններ ունեցող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունը:

Արտգործնախարար Մայա Փանջիկիձեն արդեն իսկ հերքել է այդ պնդումները: Անմիջականորեն ռուս - վրացական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող ամենաբարձրաստիճան վրաց դիվանագետն էլ` վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, նշել է․ - «Նման հանդիպման անցկացման համար պետք է համապատասխան իրավիճակ հասունանա: Նման բանակցությունները շատ մանրակրկիտ և լուրջ նախապատրաստություն են պահանջում»:

Ռուս - աբխազական վիճահարույց համաձայնագրի տեքստի շրջանառության մեջ դրվելուց հետո Գիորգի Մարգվելաշվիլին ևս ակնհայտորեն ոգևորված չէ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման գաղափարից: Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Մարգվելաշվիլին երեկ Տոկիոյի Մամուլի ազգային ակումբում այնպիսի կոշտ քննադատություն հնչեցրեց Ռուսաստանի իշխանությունների հասցեին, որ գրեթե զրոյին հավասարեցրեց մոտ ապագայում Պուտինի հետ բանակցությունների հավանականությունը:

«Մեր միջազգային օրակարգի գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ցավոք սրտի, Ռուսաստանը բավական կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ անգամ է ինչ ծայրահեղ ագրեսիվ քաղաքականություն է որդեգրում իր անմիջական հարևանների նկատամամբ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2008-ին Վրաստանում, այս տարեսկզբին էլ նույն գործելաոճի ականատեսը դարձանք Ուկրաինայում: Մենք, սակայն, փորձում ենք ագրեսորին հստակ մի ուղերձով դիմել` կայուն հարևանների առկայությունը ձեռնտու է նախևառաջ Ռուսաստանին», - հայտարարեց Մարգվելաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG