Մատչելիության հղումներ

Հայեցակարգի նպատակը Սահմանադրությունը «գործող իշխանության վրայով ձևելն է»


Հայեցակարգի նպատակը Սահմանադրությունը «գործող իշխանության վրայով ձևելն է»
please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ամբողջությամբ վարչապետին և կառավարությանն են անցնում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտները: Երկրի նախագահը որևէ դերակատարություն այս ոլորտներում չի ունենալու:

Ներկայիս գործող կիսանախագահական մոդելի դեպքում կառավարության և նախագահի լիազորությունները կիսված են, և օրինակ, արտաքին քաղաքականության մշակումը կառավարությունը նախագահի հետ է իրականացնում:

Մինչդեռ եթե Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրվի երկրի կառավարման խորհրդարանական մոդելը, ապա ուժային կառույցներն ու արտաքին քաղաքականության մշակումը ամբողջությամբ կտրվեն վարչապետին:

Այն, որ երեկ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով վարչապետի լիազորությունները մեծանում են, նշում են նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Մասնավորապես, Վարդան Պողոսյանի ձևակերպմամբ՝ վարչապետն է խաղալու համար առաջին քաղաքական ջութակի դերը: Սակայն նկատենք, որ հայեցակարգում արձանագրվում է նաև, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ: Թե այդ վերահսկողությունը ո՞ր ոլորտների վրա է տարածվելու և ինչպես, առայժմ հստակ չէ: Հայեցակարգն այդ հարցերի պատասխաները չի տալիս։ Հանձնաժողովի անդամները նշում են, որ այդ հարցերին կանդրադառնան հաջորդ փուլում:

Ոչ իշխանական ուժերի եռյակից Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվում են որևէ կերպ մեկնաբանել հայեցակարգի բովանդակությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ էական չէ, թե սահմանադրական բարեփոխումներով ու՞մ լիազորությունները կուժեղացնեն՝ վարչապետինը, թե Ազգային ժողովինը, միևնույն է իշխանությունը երկու դեպքում էլ փորձելու է լուծել իր վերարտադրության հարցը:

«Նպատակը կոնկրետ գործող թիմի, գործող իշխանության վրայով Սահմանադրություն ձևելն է։ Հիմա ինչ կերպ դա կկպնի, ինչ կերպ դա կկարողացնեն սղղացնել ու հաջողացնել, դա էլ արդեն իրենց շուստրիության խնդիր կարող է լինել։ Չի ստացվելու, որևէ կերպ Հանրապետական կուսակցությունը չի ունենալու հնարավորություն վերարտադրվելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Սահմանադրությունը մեղավոր չէ երկրում ստեղծված ճգնաժամի, դատական կոռումպացված համակարգի համար, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ ռեցիդիվիստ քրեական տարրը պետք նշանակվում է որևէ պաշտոնում: Հետևաբար Զոհրաբյանի համոզմամբ՝ եթե խաղի այս կանոններով իշխանությունը գնա բարեփոխումների, ապա 1-2 տարի հետո վստահաբար ասելու ենք, թե հիմա էլ խորհրդարանական մոդելն է ամենաբռնատիրականը:

«Եթե իշխանությունը ազնիվ է իր նկրտումներում, պիտի չստորագրվի այդ հայեցակարգը, պիտի անցկացվի որևէ ընտրություն։ Ես չեմ ասում՝ նախագահական, խորհրդարանական, չեմ ասում՝ հերթական, արտահերթ, ես արտահերթ որևէ գործընթաց էլ չեմ բացառում, այստեղ բանակցությունների խնդիր է, քաղաքական կամքի խնդիր է։ Այդ ժամանակ նոր իշխանություն, նորընտիր խորհրդարանը, որը կունենա լեգիտիմության տոկոս, կորոշի երկրին անհրաժեշտ է երկրին անհրաժեշտ է սահմանադրական այս կամ այն փոփոխությունը, թե՝ ոչ»,- ասաց Զոհրաբյանը։

«Ազատության» հարցին՝ եթե նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվի երկրի կառավարման մոդելը փոխող սահմանադրական փոփոխություններից, ԲՀԿ-ն կհրաժարվի՞ արտահերթ լուծումներից, Զոհրաբյանը պատասխանեց.- «Կհրաժարվի, այդ ժամանակ մենք մեր քայլերը կհրապարակենք»։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով երեկ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, տեղեկացրեց, որ Հանրապետականը այն դեռևս չի քննարկել:

Ինչ վերաբերում է բնորոշմանը, թե երկրի կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում վարչապետը դառնալու է թիվ մեկ քաղաքական ջութակը, ապա Հանրապետական խմբակցության ղեկավարը ընդգծում է՝ շատ կարևոր է, թե ով է լինելու ջութակ նվագողը։

«Կախված է նրանից, թե ովքեր են այդ ջութակ նվագողները։ Ցավոք, անհատի դերակատարությունը բավականին նշանակություն ունի, բայց դա դեռ քննարկման փուլում է, քննարկումների արդյունքում դեռ կլինեն առաջարկություններ, փոփոխություններ, նաև բոլոր քաղաքական ուժերի հետ կքննարկվի հայեցակարգը»,- ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունը հրաժարվի հայեցակարգից, Բաղդասարյանը ասաց.- «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարծում՝ դրա հիմքերը կան, որ էս բոլոր աշխատանքներից հրաժարվենք և թողնենք ամեն ինչ նույնը»։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հանրապետականը մինչև հոկտեմբերի 24-ը, այսինքն մինչև եռյակի հաջորդ հանրահավաքը, որոշակի առաջարկներ անի ոչ իշխանական ուժերին՝ նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց՝ եթե ուզում են խոսել, թող գան, իսկ եթե ոչ, թող մնան փողոցում: Հիշեցնենք, անցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ եթե իշխանությունները ողջամիտ առաջարկներ ներկայացնեն, ապա իրենք կքննարկեն դրանք։

Ինչ վերաբերում է իշխանությունը անցնցում հանձնելու ՀԱԿ-ից հնչող հայտարարություններին, ապա Հանրապետական խմբակցության ղեկավար արձագանքում է՝ չեն հանձնելու.- «Ո՞ւմ հանձնենք, ինչի՞ համար պետք է հանձնենք իրենց, իրենք ունեցել են իշխանությունը։ Ինքը հանձնեց, իրեն ոչ ոք չստիպեց։ Եվ ինքը որ հանձնել է, մտածում է, որ իշխանությունը խաղալիք է կարող են գալ և հանձնել։ Ի՞նչ է նշանակում՝ հանձնե՛ք, գնացե՛ք, մենք գանք։ Ո՞ւր գաք, ինչի՞ համար գաք, էդ եկած ժամանակվա սխալներն ենք ուղղում, այդ թալանն ու ավերներն ենք աստիճանաբար կարգի գցում, որ էս երկիրը երկիր դառնա»։

«Իրենք ասում են, որ դուք եք ավելի շատ թալանել հայոց պատմության ընթացքում», «Ազատության» այս հիշեցմանը Բաղդասարյանը արձագանքեց.- «Ասելու հետ կապված մի լավ անեկդոտ կա։ Է, ասում է, դու էլ ասա»։

XS
SM
MD
LG