Մատչելիության հղումներ

Հաջորդ համապետական հանրահավաքը կանցկացվի հոկտեմբերի 24-ին


Հաջորդ համապետական հանրահավաքը կանցկացվի հոկտեմբերի 24-ին
please wait

No media source currently available

0:00 0:06:11 0:00

Այսօր տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի նիստում որոշվել է հաջորդ համապետական հանրահավաքը անցկացնել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում․ ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը այդ օրը ներկայացնելու են միասնական ծրագիրն ու քայլերը:

Ինչպես նիստից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իրենք պատրաստ են Հանրապետականի հետ քննարկել միայն մեկ հարց՝ ինչպես անցնցում հանձնել իշխանությունը, և ժամանակ են տալիս իշխանություններին մինչև հոկտեմբերի 24-ը՝ կոնկրետ քայլեր անելու համար:

Ուրբաթ օրը, հիշեցնեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր ելույթում նշել էր` եթե իշխանությունը ողջամիտ առաջարկներ ներկայացնի, ապա իրենց պատրաստ են քննարկել դրանք:

«Երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից և ոչ թե մեզնից: Եթե իշխանությունների այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք: Իսկ եթե ոչ՝ ապա գործող նախագահի օրինակով, այդ առաջարկները կուղարկենք գրողի ծոցը», - հայտարարել էր ՀԱԿ առաջնորդը:

«Ազատության» հարցին, թե ինչ առաջարկներն են ակնկալում իշխանությունից, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ - «Մենք ոչ մի առաջարկ չենք ակնկալում: Մենք մեր անելիքը գիտենք և գիտենք ինչ գործընթացով ենք գնալու: Եթե իշխանությունը ասելիք ունի, նա ունի մի փոքր ժամանակ․․․ Մինչև [հոկտեմբերի] 24-ը»:

«Այդ առաջարկները չեն կարող կապված լինել իշխանությունների վերարտադրման կամ գոյատևման կամ նրանց պաշտոնավարելու շարունակման հետ: Կարող են վերաբերել անցումային, անցնցում գործընթացը թե ինչպես մենք պետք է կազմակերպենք», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Ըստ Զուրաբյանի, եթե նույնիսկ իշխանությունը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, միևնույն է՝ եռյակը չի հրաժարվելու իշխանափոխության իր ծրագրից, ինչպես նաև՝ արտահերթ ընտրությունների պահանջից․ - «Բացարձակ․․․Ի՞նչ է մենք մինչև 2018-ը ժամանակ ունենք․․․ Հայաստանը հիմա է կործանվում»:

հիշեցրեց, որ հանրահավաքում իրենք արձանագրել են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպառված է, պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կլուծի երկրում առաջացած խնդիրները: Միակ առաջարկը, որի շուրջ ընդդիմադիրները պատրաստ են քննարկում ծավալել իշխանությունների հետ, ըստ Զուրաբյանի, իշխանությունն «անցնցում» հանձնելու գործընթացն է:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե իշխանությունը չարձագանքի, Զուրաբյանն ասաց․ - «Արդեն առաջ եք ընկնում: Դուք սկզբից կենտրոնացեք անցնցում անցման հնարավորության վրա: Ինչո՞ւ ենք մենք քննարկում այն տարբերակը, որ իշխանություններն անմեղսունակ են: Ես կարծում եմ, այդ վարկածը պետք չէ քննարկել»:

Եռյակի նիստից հետո հրավիրված ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ տարձայնություններին: Հիշեցնենք, ուրբաթ օրվա հանրահավաքում այդ հարցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հակասեցին միմյանց: Մասնավորապես, Հովհաննիսյանը ընդգծեց, թե Սերժ Սարգսյանը, ստորագրելով անդամակցության պայմանագիրը, վաճառեց Հայաստանի անկախությունը, իսկ Տեր-Պետրոսյանը նկատեց, թե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այլևս «անշրջելի իրողություն է, և այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումները «զավեշտի են վերածվում․ - «Երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:

Արձագանքելով այս հակասությանը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, թե այդ հարցում եռյակի անդամները պայմանավորվել են հակասությունները դնել մի կողմ: Իսկ նրանք, ովքեր դեմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, կարող էին հենց այդ օրը մեկ այլ հրապարակում հանրահավաք կազմակերպել և քննադատել Սերժ Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG