Մատչելիության հղումներ

Վարչապետի սպառնալիքները ՀՀԿ-ականները արդարացնում են «էմոցիաներով»


Լյուդմիլա Սարգսյան. «Իշխանությունը խուճապի մեջ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝ իշխանության շարքերում խուճապ է․ արմատական ընդդիմադիրներից բացի հանրահավաքային հարթակ է բարձրացել «Բարգավաճ Հայաստանը»:

«Այսօր մի փոքր այլ վիճակ է, որը կարծես թե ավելի է վախեցնում իշխանությանը, որովհետև այստեղ ոչ միայն ընդդիմադիր հատվածն է, ապա նաև ոչ իշխանական, այլընտրանքային հատվածը, որը բավականին լուրջ և՛ մարդկային ռեսուրսներ ունի, և՛ ֆինանսական միջոցներ ունի, և՛ ամուր կանգնած է ընդդիմության հետ նույն խնդիրների լուծման նպատակի համար», - ասում է նա:

Կառավարություն - Ազգային ժողով երեկվա հարցուպատասխանը բուռն էր՝ ընդդիմադիրների «անհարմար» հարցադրումներին պատասխանելու բեռը հիմնականում իր վրա վերցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Առաջին անգամ Աբրահամյան – Ծառուկյան խնամիական կապը չաշխատեց․ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները խորհրդարանական հայտնի ընդդիմադիրներին հարցերի սրությամբ չզիջեցին: Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին․ - «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգներին հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, կամ երկրի ղեկավարին կամ վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: Ուզում եմ բոլոր պատգամավորներին հրավիրել չափի մեջ, կոռեկտության մեջ, իրենց պահվածքով նաև հարգել գործադիր մարմնին: Եթե չէ` մենք բազմաթիվ ձևաչափերում կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում»:

«Խոսքս նաև ուղղում եմ քառյակին` ի՞նչ եք դուք ուզում: Որ էս երկիրը իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի… Չի’ լինելու դա: Երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում էս երկրում ունենալ… Ձեր ցանկությունն ի՞նչ է: Կգաս կխոսաս՝ այլ պատասխան կտամ, եթե շատ ես ուզում: Ի՞նչ ես դու ուզում, կամ ի՞նչ ես արել մինչև հիմա, որ մի հատ էլ ուզում ես, արա՛․․․ ուզում եմ՝ ի՞նչ ես ուզում․․․ արա՛, հերիքա ստից խոսաք․․․», - բորբոքվելով՝ եզրափակեց վարչապետը:

Հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այս հայտարարություններին արձագանքելով, ասաց՝ «քաղաքականությունը զերծ չէ էմոցիաներից»: Համլետ Հարությունյանը համաձայն է կուսակցի հետ՝ ֆոնն էր լարված:

«Ի՞նչ կա որ, չի՞ լինում, որ էմոցիոնալ ֆոնի վրա հաճախ կարող եք տառասխալ կամ բառասխալ թույլ տալ: Այո՛, երեկ բավականին լարված էր իրավիճակը և շատ, այսպես, հարիր էր մթնոլորտը: Որևէ զարմանալի բան չկա: Այսինքն, եթե մարդու ներվերը տեղի են տալիս, դա արդեն քաղաքական կատեգորիա չէ», - մեկնաբանում է Հարությունյանը:

«Բարգավաճ Հայաստանի»՝ ընդդիմադիրների պայքարին միանալը Հանրապետականին չի անհանգստացնում, վստահեցնում էր Էդուարդ Շարմազանովը․ - «Կորցնում են կա՛մ հայրենիքը, կա՛մ հարազատներին: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» առանձին քաղաքական ուժ է, չնայած վերապահումով կմոտենամ նրանց՝ ընդդիմություն լինելուն, քանի որ հիշողություններս տեղն է, և բոլորս շատ լավ հիշում ենք նրանց առաջնորդի հայտնի խոսքերը, որ իրենք ընդդիմություն չեն կամ չեն կարող լինել»:

Լյուդմիլա Սարգսյանն արձագանքում է․ - «Ծառուկյանը մեր կողքին է, հակառակ դեպքում նա այդքան հրապարակային գործունեություն չէր ծավալի, և ինչպես տեսնում եք՝ թիմը նույնպես շատ ռադիկալ տրամադրություններով է և ես վստահ եմ, որ այս պայքարը իրոք արդյունք է տալու: Իսկ որ իշխանության ներսում խուճապ կա, դա շատ տեսանելի է»:

Համլետ Հարությունյանը չի նեղսրտի անգամ իշխանափոխությունից, ասում է՝ «Բարգավաճ Հայաստանը» զանգվածային կուսակցություն է, իշխանության գալու իրավունքը վաստակել է․ - «Բա հո հազար տարի Հանրապետական կուսակցությունը չի՞ իշխելու: Կգա մի ժամանակ, երբ մեկ ուրիշ կուսակցություն կլինի: Ես ուրախ եմ, որ մեր քաղաքական դաշտում լինեն հզոր կուսակցություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG