ԲՀԿ-ական ատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով, իշխանությունը գրեթե չանդրադարձավ քառյակի 12 պահանջներին: Հավելեց, որ իշխանության այդ պահվածքին ավելի կոնկրետ կպատասխանեն հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի ժամանակ:
«Սպասում էինք իշխանություններից ավելի ադեկվատ պահվածք, ավելի ադեկված վերաբերմունք այդ պահանջներին», - ասաց նա:
Հունիսի սկզբին, հիշեցնենք, քառյակն իշխանությունից պահանջեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, վերանայել «կարմիր գծերի» գործող համակարգը, բացառել հանրային տրանսպորտի թանկացումը, մշակել տնտեսական մենաշնորհները բացառելու մեխանիզմներ, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը, արտոնություններ տալ գյուղացիներին: Ինչպես նաև՝ ընդդիմադիրներին տալ վերահսկողական լծակներ, Ազգային ժողովի հաջորդ ընտրություններն անցկացնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիր, բացառել Որոտանի կասկադի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության, չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով կփոխվեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաստատված հարաբերությունները:
Այս պահանջներից որևէ մեկը «Ազատության» զրուցակից ՀՀԿ-ականները չեն մտապահել:
Աշոտ Աղաբաբյանը չի հիշում, որովհետև քաղաքականությամբ «այդքան էլ» չի հետաքրքրվում: Այդուհանդերձ, նա կարծում է, որ ընդդիմությունն իրենց թերությունների վրա է կառուցում վերադարձը․ - «Մեր թերությունները էն թերությունները չեն, որ էսօր ժողովրդին հանեք փողոց: Ու մեզ աշխարհը տեսնի, որ հանկարծ մենք մի բուռ ժողովուրդ ենք, էդ բռի կեսը հելել ինչ-որ բան ա ուզում: Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա․ մենք բոլորս իրար հետ ենք»:
Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության անդամը համարում է, որ լավ ապրելու ձգտումը չպիտի կործանի մեզ․ - «Էսօր ես գործարար եմ, ունեմ սեփականություն, ունեմ մեծ ձեռնարկություններ, կամ չգիտեմ ինչ ունեմ: Ես գնալու եմ մեկ ա, ես չեմ ուզում էնքան ունենամ, որ էթալուց կսկծու էթամ»:
Առաքել Մովսիսյանի խոսքով, ընդդիմությունը չէ, որ պետք է օրակարգ թելադրի իրենց․ - «Էս երկրում չկա մեկը, որ ժամկետ դնի պետության վրա, ուզենա իրա ասած բաները կատարվի: Ինչը որ պետականորեն կատարվելու ա, կատարվում ա»:
Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ իրենց հետ չի կարելի խոսել պահանջներով և վերջնագրերով: Նա նույնպես չհիշեց ընդդիմության 12 պահանջներից որևէ մեկը:
«Դրանք դուք, խնդրում եմ, ընթերցեք և համոզվեք, որ այդ առաջարկությունների գերակշիռ մասի մասին խոսում էր նաև Հանրապետականը ժամանակին: Ես կարծում եմ, որ դրանց մեծ մասը կատարված են», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ում հումորով են ընդունում իշխանափոխության մասին հայտարարությունները․ - «Նույնիսկ տարօրինակ է»:
Աշոտ Աղաբաբյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն չի որոշել կանգնել ընդդիմության կողքին․ - «Մենք բոլորս էլ գիտենք ճշմարտությունը, որ դա Ծառուկյանի Գագիկի խոսքերը չեն: Ծառուկյան Գագիկը ինքը լավ տղա ա, ծնող սիրող տղա ա, ընտանիք սիրող, ընկեր սիրող տղա ա: Ինքը լավ մարդ ա: Բայց ինքը պտի էդ դերը չտաներ, ինչ որ ուզում էր պարոն Քոչարյանը: Պարոն Քոչարյանը լավ մարդ ա, բայց ներող չի, զիջող չի: Ես դա գիտեմ: Ու ընդամենը կասեի, որ չի կարելի վերադառնալ, դը Գոլը չեք, ժողովուրդը ձեզ չի ուզում»:
Առաքել Մովսիսյանի վերաբերմունքը ընդդիմության հանրահավաքներին «սովորական է»․ - «Նրանք էլ մեր ժողովուրդն են»: Հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ից երբեք չի լսել իշխանափոխության պահանջ․ - «Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել իշխանափոխություն: Եվ նաև, անունը ինչ ա, Արամ Մանուկյան ա, ինչ ա, չեմ իմանում, նախագահի հասցեով քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգի ժամանակ: Նախագահի․․․ դա երկրի ֆլագն ա, երկրի դրոշն ա: Ուրեմն նրանք սրբություն չունեն, ով որ նախագահին քֆուր ա տալի»:
Աշոտ Աղաբաբյանն էլ ինքնաբուխ որոշեց անդրադառնալ Արամ Մանուկյանի խոսքին․ - «Չի կարելի մի հայ վեր կենա ու ասի՝ ես սենց եմ ուզում ու սենց պտի ըլի․․․ դա չի կարելի: Կամ, Արամ Մանուկյան, ո՞վ ես դու, որ իմ երկրի նախագահին հայհոյում ես: Ես ընդամենը դաստիարակված տղա եմ, դրա համար չեմ սատկացնում դրան: Դա սրբություն պտի ըլնի: Ամեն հայի համար»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այս օրերին լրագրողների հարցերին չի պատասխանում:
Ստեփան Մարգարյանը չգիտի, թե Մանուկյանն ինչու չի մասնակցել Աբովյանի հանրահավաքից հետո անցկացվածներին: Հավելեց, որ ԲՀԿ-ում նույնպես Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին Մանուկյանի ուղղած խոսքը ոգևորությամբ չեն ընդունել․ - «ԲՀԿ-ից եղել են կարծիքներ, որ ճիշտն ասած այդքան հաճելի բան չէ: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ Արամը․․․ ուղղակի դա ստացվել է։ Ինքը այդպիսին չի»:
Սահմանադրական բարեփոխումների հարցում տարակարծության պատճառով հանրահավաքներին չմասնակցող Դաշնակցությունը կամուրջները վերջնականապես չի այրել:
Արծվիկ Մինասյանը կարծում է, որ քառյակը շեղվել է իր նախնական նպատակադրումից՝ 12 կետերից․ - «Ի վերջո բոլորս պետք է հասկանանք, որ այդ 12 կետերը հասարակական պահանջն են, և այդ հասարակական պահանջի տակ դրված են կոնկրետ խնդիրներ: Այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ամբիցիայի հարց է»: