Մատչելիության հղումներ

Շանթն ու ընկերները պահանջում են ծանրացնել իրենց առաջադրված մեղադրանքները


Շանթ Հարությունյանն ու ընկերները այսօր դատարանին միջնորդեցին վերաորակել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները՝ դրանք, ըստ էության, ծանրացնելով։

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրված՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, ինչը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու գործողություններով։

Այսօրվա դատական նիստում Շանթը նշեց, որ նոյեմբերի 5-ի բողոքի ակցիան ինքն էր կազմակերպել, ուստիև հենց ինքը պետք է ավելի խիստ պատիժ կրի, քան ընկերներից ոմանք:

«Ես միջնորդություն եմ անում, որ իմ վրա վերականգնեն իշխանության ներկայացուցչի դեմ ուժի կիրառման հոդվածը: Ոչ միայն որ ես խուլիգանություն չեմ արել, ու իմ ընկերներն էլ չեն արել, այլև, եթե կա այստեղ մի հոգի, որը այդ հոդվածով մեղադրվում է, ուրեմն ես պետք է լինեմ առաջինը, քանի որ ես այս ամբողջ գործունեության կազմակերպիչն եմ: Ու չի կարող ղեկավարը չմեղադրվի մի մեղադրանքով, որը մեկ այլը մեղադրվում է», - հայտարարեց նա:

Նույնանման միջնորդությամբ հանդես եկավ նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Նա ևս մեղադրվում է խուլիգանության մեջ։ Ազատամարտիկն ավելին պնդեց․ - «Միանում եմ Շանթի արած հայտարարությանը, նրա ցուցմունքներում երևաց՝ բոլորը իմ ընկերներն են եղել, իմ համախոհներն են եղել, մի մասին նույնիսկ, կոպիտ ասած՝ ուստա եմ եղել այդ գործում, ես եմ ներքաշել քաղաքական պայքարի մեջ, ուստի պահանջում եմ դատարանից, որպեսզի այդ 316-ը, որը առաջ մեր վրա դրած էին, կամ դրա նման ցանկացած ուրիշ պատիժ կիրառվի իմ նկատմամբ: Ով որ կմեղադրվի ամենածանր հանցանքով, իմ պատիժը դրան համարժեք թող լինի»:

Այս միջնորդությանը միացավ նաև մեղադրյալ Ալեք Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից հետո Շանթին ու ընկերներին ավելի ծանր մեղադրանքներ էին ներկայացված։ Շանթ Հարությունյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Նախաքննական մարմինը հետագայում վերաորակել էր մեղադրանքը՝ Շանթին և ընկերներին առաջադրելով ավելի մեղմ պատիժ սահմանող հոդվածներով մեղադրանքներ: Այս հարցում բացառություն էին կազմել Շանթի 3 համախոհները՝ Արթուր Մարգարյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վահե Մկրտչյանը, որոնք բացի խուլիգանությունից մեղադրվում են քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունների վերաբերյալ նշեց, որ դրանք կքննարկի պաշտպանների կողմից այդ մասին գրավոր ծանուցվելուց հետո։

Անդրադառնալով դատական նիստերի ընթացքին՝ տուժողների ու վկա ոստիկանների ցուցմունքներին, Շանթ Հարությունյանն ու ընկերները կրկին փորձեցին բացատրել, թե ինչու իրենց բողոքի ակցիան վերածվեց խառնաշփոթի։ Քաղաքացիական հագուստով ոստիկանական անձինք հրահրեցին, որպեսզի ճնշեն հեղափոխության փորձը, պնդում էին նրանք:

Ալեք Պողոսյանն ասաց, թե այս ամենից կարելի է եզրակացնել, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այդ օրը չի ղեկավարել ոստիկանական օպերացիան։

«Այս ամենից երևում է, որ Օսիպյանը չի ղեկավարել այդ քաղաքացիական հագուստով մարդկանց գործողությունները: Ես ունեմ լուրջ կասկածներ, որ նրանք ղեկավարվել են այն ծառայությունների կողմից՝ կոնկրետ Շուվալովի հայտարարությունը, որ Հայաստանում կմտցնի և այլն․․․ և ուզեցել են մեր սկսած հեղափոխությունը: Շուվալովն ասել է, որ՝ կխեղդեմ այդ հեղափոխությունը», - նշեց նա:

Շանթ Հարությունյանն առաջարկում էր զրահաբաճկոնը, որը ակցիայի ժամանակ կրում էր որդին՝ Շահեն Հարությունյանը, հաստատել որպես ապացույց։ Սա, ըստ Հարությունյանի, թույլ կտար հասկանալու, որ իրենք իրականում պաշտպանվելու նպատակ ունեին, այլ ոչ թե հարձակվելու, և որ այդ պատճառով էր որդուն նախապես պատրաստել պաշտպանության։ Դատավորը, սակայն, մերժեց այս միջնորդությունը՝ համարելով, որ զրահաբաճկոնը հանցագործության ապացույց չէ։ Հարությունյանն ասաց, որ փոխոստիկանապետը դատարանում անուղղակի հաստատեց իր կասկածները:

«Ասում է՝ Շանթը ասեց․ «Բենզինով վառելու ենք, քարով խփելու ենք»: Ասում են՝ գրեք ապացույց: Կար նպատակ՝ ոստիկանները իրենց պրովակատորների միջոցով դա սարքեին: Օսիպյանը ասում է՝ 6 հոգի, ասում եմ՝ ի՞նչ հանձնարարություն ունեին: Ես ասեմ Օսիպյանի փոխարեն՝ իրենք հանձնարարել էին ինձ ու Շահենին սպանեն», - հայտարարեց նա:

Այսօրվա դատական նիստին ևս հնչեցին հայտարարություններ այն մասին, որ չնայած իրենց նկատմամբ ճնշումներին, ճաղերի հետևում իրենց պահելուն ուղղված իշխանությունների ջանքերին, միևնույն է, շարունակելու են պայքարել Հայաստանի լավ ապագայի համար:

«Մենք չենք կարող հանդուրժել, որ սրանք մեր երկիրը կործանում են: Դուրս ենք եկել՝ փրկենք մեր երկիրը կործանումից, մեր ազգի ինքնասիրությունը», - ասում էին նրանք, - «Այն ձեռքը, որը կբարձրանա իմ, կամ ժողովրդի վրա՝ կտրելու ենք գլխի հետ միասին: Թույլ չենք տա ևս մեկ մարտիմեկյան կրկնություն»:

Վկաների հարցաքննությունները այսօրվա նիստով ավարտվեցին: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 27-ին։

XS
SM
MD
LG