Ոստիկանությունում «անհեթեթություն» են որակում Մաշտոցի պողոտայի բախումների հետևանքով ազատազրկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հայտարարությունները ոստիկանության բաժնում ծեծի ու բռնությունների ենթարկվելու մասին։
Աղմկահարույց այս հայտարարություններով ընդդիմադիրները, հիշեցնենք, հանդես եկան վերջին երկու դատական նիստերում։ Նախ՝ Շանթ Հարությունյանը օգոստոսի 13-ին ցուցմունք տվեց Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվելու օրը՝ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժնում իրեն ապտակելու և զենքով սպառնալու մասին. - «Ասեց՝ հիմա գլխիցդ խփում եմ, գրանցեմ դժբախտ պատահար, մեկ ա` դու խելառ ես, գժի թուղթ ունես», - պատմել էր նա՝ առանց ոստիկանի անունը բարձրաձայնելու: Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին ասաց, թե իրեն թեթև խփել է։
Այնուհետև օգոստոսի 15-ի նիստում ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ ոստիկանապետն իրեն սպառնացել և հարվածել է, դրա համար էլ հակասական ցուցմունքներ է տվել. - «Եկել կանգնել են այնտեղ, ինձ ասում են՝ «տղան էլ զինվորական է, հեսա՝ թիկունքից կխփեն, Ղարաբաղ չի՞ ծառայում»: Բա ինչ թուղթ տային՝ ստորագրելու էի այդտեղ: Համոզված եմ՝ բոլորին էլ այդ նույն բանն արել են: Այսօր սուրբ ձևացող ոստիկանապետը հինգ հոգով բռնել են, ծեծել է ինձ: Այս այսպես օֆիցիալ հայտարարում եմ: Մինչև հիմա չէի ասում, որ այստեղ ասեմ: Եկել ինձ ծեծել է ձեր քննիչների ու իր բաշիբոզուկների հետ: Չորս հոգի ձեռներս բռնել են, մեկն էլ վիզս է բռնել, ինքն էլ խփում էր։ Երկու նախագահների կողմից կառավարական պարգևները իր բաշիբոզուկներից մեկը կրծքիցս պոկեց՝ տարավ: Այդ ամեն երկաթի կտորի համար ես լիտրով արյուն եմ թափել, օրգանիզմիս կեսը թողել եմ սահմաններում»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ անհեթեթությունները չեն մեկնաբանում: Հիշեցրեցին, որ ի սկզբանե Հատուկ քննչական ծառայությունը զբաղվել է նման պնդումներով և որոշում է կայացրել։
Խոսքը ՀՔԾ-ի նոյեմբերի 20-ի որոշման մասին է, որով ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ՝ հիմնավորելով, որ հանցագործության դեպքը բացակայում է։ Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցն էին ահազանգել, որ իրենց հետ հանդիպումներում և՛ Շանթ Հարությունյանը, և՛ Վարդան Վարդանյանը պատմել էին ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու մասին։ Բայց ՀՔԾ-ն պարզաբանեց, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել իրենց կատարված «ստուգողական գործողությունների արդյունքում», իսկ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հրաժարվել են բացատրություններ տալ ու պատասխանել հարցերին։
Ընդդիմադիրների փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանում Հարությունյանի ու Վարդանյանի վերջին ցուցմունքները կարող են հիմք հանդիսանալ ՀՔԾ-ի նախկին որոշումը վերացնելու և այդ պնդումներին նորից անդրադառնալու համար. - «Ամեն դեպքում հիմք է, որովհետև ըստ էության, այո, իրենք փաստորեն հայտարարեցին այդ մասին»։
Իրավապաշտպանների համոզմամբ՝ դատարանում հնչած այս հայտարարություններից անմիջապես հետո պետք է դատախազը որոշում կայացներ քրեական գործ հարուցելու մասին, իսկ դատավորը՝ համապատասխան գրություն ուղարկեր Հատուկ քննչական ծառայություն։
«Հայաստանի իրավապահ ու դատական մարմինները պատասխանատու են կրում ոստիկանների հանցագործությունները կոծկելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը՝ վկայակոչելով նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ նույն գործով անցնող Շահեն Հարությունյանի ցուցմունքները․ - «Շահեն Հարությունյանը հայտնում է, որ իրեն ոստիկաններն ասել են, թե իբր իր հայրը և ընկերները արդեն մահացել են։ Ազատազրկման մեջ գտնվող անչափահաս երեխայի նկատմամբ նման արտահայտություններն ուղղակի աննախադեպ ու հրեշավոր ճնշում են և սա նույնպես պետք է հաշվի առնեն։ Իսկ այն, որ քննություն չեն իրականացնում, դա հենց խոսում է իշխանության մարմինների անգործության մասին, և գիտակցվա՛ծ անգործության մասին»։
«Հատուկ քննչական ծառայությունը պետք է քրեական գործ հարուցեր խոշտանգումների մասով և քննություն կատարեր։ Բայց սա վերաբերում է նորմալ երկրներին: Մեր երկրում ես չեմ հիշում դեպք, երբ հաստատված խոշտանգման դեպքում անգամ քրեական գործ հարուցվի և արդյունավետ ավարտ ունենա», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Անպատժելիության գործոնը ոստիկանապետին թույլ է տալիս գնալ, մտնել իր տիրապետության տակ գտնվող տարածքներ, և իր համախոհների աջակցությամբ նսեմացնել այդ մարդկանց։ Սա բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտ անպատժելիության դրսևորումն է, և սա առաջին դեպքը չէ։ Մտքներով էլ չի անցնում հարուցել քրեական գործ, սա նրանց համար ընդամենը ծիծաղելի կլինի, հիմա՝ Վովան է, գնացել է ծեծել է... դա նորմալ երեւույթ է համարվում մեր երկրում: Որևէ մեկին դրանով չես զարմացնի»։
Հարցին՝ իսկ եթե չի՞ ծեծել, իրավապաշտպանը արձագանքեց. - «Քննություն գոնե կատարեն, միայն այդ դեպքում կարող էինք իմանալ ինչ էր տեղի ունեցել»։