Դատական նախորդ նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնությունների ենթարկվելու մասին բարձրաձայնած Վարդան Վարդանյանն այսօր ասաց, թե իր հայտարարությունից հետո այցելել են զինծառայող որդուն, սպառնացել են, ասել են՝ հայրդ դատարանում Վլադիմիր Գասպարյանի անունը թող չտա։ Թե ո՞վ է որդուն այցելել՝ Վարդանյանը չպարզաբանեց:
«Տղայիս, որը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանի Վարդանյանին, կանչում են հրամանատարի մոտ, սկսում են սպառնալ՝ բա դու չե՞ս կարողանում հորդ ասել այնտեղ անուններ չտա և այլն: Հիմա տղայիս ստիպում են, որ ինձ ասի՝ Վովայի անունը չտամ: Չէ՛, տալու եմ, մինչև վերջ էլ տալու եմ: Գերեզմանիս մի մետր խոտ բուսնի՝ էլի տալու եմ», - հայտարարեց նա:
Վարդանյանն ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն։
«Պաշտպանության բանակի հրամանատարն էլ, պաշտպանության նախարարն էլ ահագին անելիք ունեն: Ես ուզում եմ այդ կազմակերպիչներին ընդամենը հիշեցնել, որ սա 37 թիվը չէ, Սովետական կայսրությունը չէ, իրենք էլ Ստալինն ու Բերիան չեն: Ուղղակի ես ուզում եմ ասել, որ նման բաները թող կանխեն և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն», - ասաց նա:
Վարդան Վարդանյանը համոզված է, որ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանությունում իր և իր ընկերների նկատմամբ կիրառված բռնությունների փաստով քրեական գործ չի հարուցվի։ Հատուկ քննչական ծառայությունը երկու անգամ մերժել է քրեական գործ հարուցել Շանթի ու ընկերների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունների դեպքով՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, մատնանշել է կալանավորվածների պարզաբանումները․ նրանք բռնությունների մասին չեն հայտնել, իսկ Շանթ Հարությունյանն ընդհանրապես հրաժարվել է բացատրություններ ներկայացնել։
Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ Շանթն ու ընկերները բռնությունների մասին չեն հայտնել, որովհետեւ չեն վստահել նախաքննական մարմնին։
Վարդան Վարդանյանն ասաց․- «Այստեղ կա՞ մեկը, որ հավատում է, որ մեկը ոստիկանապետի դեմ ցուցմունք կտա, կամ դա ինչ-որ հետք կթողնի: Ո՞ւմ բողոքես, ումի՞ց բողոքես»:
Շանթ Հարությունյանը նախ պարզաբանեց, թե ինչու է որոշել դատարանում հայտնել բռնությունների մասին, ապա՝ խոսքն ուղղեց Վլադիմիր Գասպարյանին․ - «Երբ ես ասում եմ՝ իմ նկատմամբ բռնություն են արել, ես դա չեմ ասում որպես բողոք՝ ակնկալելով արդարադատություն: Ես ասում եմ, որ նրանք իրենց կնունք-ծնունդին, շրջապատում ասեն՝ ախպեր, մենք մաքուր մարդիկ ենք, ճշտով ապրող մարդիկ ենք, իրենք իմանան, որ իրենք ամենաստոր․․․ բերել են ոստիկանատուն, որ մլիցեն փոխանակ ասի՝ էդ ի՞նչ ձև ես խոսում, նրան սպառնում ես, ասում ես՝ ընտանիքդ պրոբլեմ կունենա: Չէ, ասում եմ՝ բացի տղայիցս ուրիշ հարազատ չունեմ, ասում է՝ կողքի սենյակում է տղան: Սա էլ պտտվում՝ ասում է՝ հեսա երեխիդ բերելու եմ դեմդ փռթիկ-փռթիկ անեմ: Խի դա տղամարդ ա՞ ասողը»:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանին դուր չեկավ Շանթի հայտարարությունների ոճը և նա որոշեց ընդմիջում հայտարարել։
Ընդմիջումից շատ չանցած դատական նիստը կրկին ընդմիջվեց՝ նորից Շանթ Հարությունյանի հայտարարության ընթացքում։ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ դատավճռի հրապարակման օրը դատարանից էլ կարող է հեղափոխություն սկսեն, դատարանը դա որակեց անկարգությունների կոչ ու ընդհատեց նիստը։