Մատչելիության հղումներ

«Դո՛ւրս մեր գրպանից»-ը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը


Ոստիկանությունը ավտորեթի ժամանակ փակել է Արշակունյաց պողոտան, արխիվ
Ոստիկանությունը ավտորեթի ժամանակ փակել է Արշակունյաց պողոտան, արխիվ

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը՝ նշելով, որ պատճառը վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածություն է։

«Այս պահին մեր բոլորի ուշադրությունը սահմանն է, բոլորս մտքով սահմանում ենք, այնտեղ մեր զինվորներն են զոհվում ու նպատակահարմար չենք գտնում հիմա երթեր անցկացնելու, մարդկանց ուշադրությունը շեղելու։ Օգոստոսի 8-9-ը Սոչիում նախագահները հանդիպելու են, թող հանդիպեն, դրանից հետո կերևա լարվածությունը սահմանին կթուլանա, թե ավելի կուժեղանա, ըստ դրա, մենք կրկին հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Պետրոսյանը։

Նախաձեռնության անդամն ընդգծեց, որ սա չի նշանակում պայքարի դադարեցում, ուղղակի, ժամանակավորապես երթերն են դադարեցնում, բայց իրավական դաշտում պայքարը շարունակում են։

«Քաղաքացիներից տուգանքների հետ կապված բողոքներ ընդունելու ենք. մեր իրավաբանները շարունակելու են նրանց օգնել ու հայցադիմումներ կազմել, ինչպես նաև վարչական դատարաններում դրանք բողոքարկել»,- փոխանցեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական իրավախախտման համար՝ տուգանված քաղաքացիների բողոքներն օր-օրի ավելանում են։ Նա թվեր չնշեց, ասաց՝«դեռ մոնիթորինգ չենք արել, բայց վարչակա դատարանում արդեն շահած գործեր ունենք»։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է, որ մայրաքաղաքում վերացվեն կարմիր գծանշաններով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիները, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը, չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները և, մինչև նոր կանոնակարգի մշակումը վարորդները չտուգանվեն։ Այս պահանջով՝ նախաձեռնություն 6 անգամ ավտոերթ է անցկացրել։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG