Մատչելիության հղումներ

«Դո՛ւրս մեր գրպանից»-ը վարորդներին կոչ է անում չվճարել տուգանքները


«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ վարորդները այսօր կեսօրին մի քանի ժամ տևողությամբ բողոքի ավտոերթ անցկացրին։

Նախաձեռնության կազմակերպած թվով արդեն 6-րդ ավտոերթը մեկնարկեց Նոր Նորքից։ Վարորդները ոստիկանների ուղեկցությամբ շրջեցին Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ բացի Կենտրոնից։

Այսօրվա ավտոերթը իրազեկման նպատակ ուներ. նախաձեռնությունը վարորդներին կոչ էր անում չվճարել ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարաններում։

Ճանապարհին երթի մասնակիցներին էին միանում նաև պատահական վարորդներ։

Բաժանվում էին նաև իրազեկման թռուցիկներ։

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը պնդում է, որ բողոքարկված տուգանքների 70-80 տոկոսը դատարանների կողմից արդեն չեղյալ են հայտարարվել և յուրաքանչյուր վարորդ, դիմելով դատարան, մասնակցում է այս պայքարին։

Մի քանի տասնյակ մեքենաների մասնակցությամբ ավտոերթը ավարտվեց Էրեբունի թանգարանի մոտ։ Երթի ընթացքում միջադեպեր չգրանցվեցին։

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով այսպիսի լայն իրազեկման ակցիա առաջին անգամ էին անցկացնում, եղան նաև քաղաքի այն հատվածներում, որտեղ նախկինում չէին եղել։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է, որ մայրաքաղաքում վերացվեն կարմիր գծանշաններով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիները, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը, չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները և, մինչև նոր կանոնակարգի մշակումը վարորդները չտուգանվեն։

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում աշխատանքներ են տանելու տուգանքների զանգվածային բողոքարկումների ուղղությամբ։

Վարորդներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախաձեռնությունը իրավաբանների հատուկ խումբ է ստեղծել, որոնք անվճար կօգնեն ցանկացողներին բողոքարկումների հարցում։

«Այսօր առավոտից սկսել է արդեն գրասենյակն աշխատել, արդեն մի տաս հոգի մենակ իմ հեռախոսին է զանգել, որ գրասենյակի կոնկրետ տեղն ու հասցեն իմանան՝ բողոքարկելու։ Ճանապարհից էլ էին ցույց տալիս, որ՝ ակտ ունենք, ո՞ւր գնանք բողոքարկենք։ Ես վստահ եմ, որ լինելու են բողոքարկողներ, որովհետև ճանապարհային ոստիկանության թվերով միայն օրական 4 հազար տուգանք է գրվում, 4 հազար տուգանքի մեջ, եթե չնչին՝ մեկ տոկոսն էլ փորձի բողոքարկել, խայտառակ մեծ թիվ է ստացվում, օրականի մասին է խոսքը»,- ասաց Հակոբյանը։

Առանց տեղյակ պահելու և առանց դատարանի որոշման վարորդների բանկային հաշիվները սառեցնելու դեպքերը արդեն հազարների են հասնում։

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանը այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Երեկ դատարանը որոշեց գործը վարույթ ընդունել։

Վարդան Հակոբյանի կարծիքով պաշտպանը կարող էր ավելի շուտ դիմել դատարան, քանի որ նոր կարգը արդեն 7 ամիս է՝ գործում է։

Ի դեպ, վերջերս «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կարմիր գծերի սահամանդրականության հարցը վիճարկելու համար դիմել էր օմբուդսմենին։

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը առաջիկայում շարունակելու է ավտոերթերը։

Օգոստոսի սկզբին ավտորեթեր կկազմակերպվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

XS
SM
MD
LG