Մատչելիության հղումներ

Պատահական չէ, որ Սարգսյան - Ալիև հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո է կայանալու․ ՊՆ նախկին փոխնախարար


Պատահական չէ, որ Սարգսյան - Ալիև հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո է կայանալու․ ՊՆ նախկին փոխնախարար
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի կարծիքով Սարգսյան-Ալիև հանդիպումը Սոչիում կազմակերպելով՝ պաշտոնական Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում:

Հայ - ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետևում պաշտպանության նախկին փոխնախարարը քաղաքական պատվեր է տեսնում: 1991-95 թվականներին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում պատահական չհամարեց, որ օգոստոսի 8-ից 9-ը նախատեսված Սարգսյան - Ալիև հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե եռանախագահների, այլ մեկ գերտերության՝ Ռուսաստանի հովանու ներքո:

«Իսկ եթե փաստերը համադրենք մեկը մյուսի հետևից, կարող ենք գալ այդպիսի եզրահանգման, որ այս դեպքերը, այնուամենայնիվ, կարող է և ուղղակի կապ ունենան այս հանդիպման կազմակերպման հետ: Ես հիմա չեմ ուզում ասեմ՝ ով ինչ արեց, այնուամենայնիվ, օգտագործվեց մեր սահմանային այս լարվածությունը այս հանդիպումը կազմակերպելու համար», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում այս շաբաթ կայանալիք հանդիպման մասին անցած շաբաթ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, թե այդ հանդիպման ընթացքում մեզ համար կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Պաշտպանության նախկին փոխնախարարը, անդրադառնալով Սոչիում նախատեսված հանդիպմանը, հետևյալ հարցադրումն է անում․ ինչո՞ւ մինչև սահմանային լարվածությունը երկու նախագահների հանդիպման այլ նախաձեռնություններ այդպես էլ իրականություն չդարձան: Մասնավորապես՝ տևական ժամանակ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկով Փարիզում կայանալիք հանդիպման մասին, որն այդպես էլ տեղի չունեցավ:

«Որովհետև այլ նախաձեռնությունների շրջանակում էինք մենք տարիներ շարունակ փնտրում խաղաղության բանալին: Հիմա խաղաղության բանալին գտնելու հնարավորությունը կարծես թե թե տեղափոխվում է Ռուսաստան: Իսկ Ռուսաստանը ինչպե՞ս կօգտագործի այդ հնարավորությունը: Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին իր գեոքաղաքական շահերից է բխելու ու ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի», - ասաց Քոչարյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցին այն մասին, թե ի՞նչ խնդիր է լուծում պաշտոնական Մոսկվան հանդիպումն իր հովանու ներքո կազմակերպելով՝ «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոնի» ղեկավարն ասաց, թե Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Կովկասում: Չի բացառվում նաև, որ այս շաբաթ նախատեսված Սարգսյան - Ալիև հանդիպման ընթացքում առաջ քաշվի սահմանի երկայնքով ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցը:

Այդ դեպքում Ռուսաստանը դառնում է տարածաշրջանի ամենախոշոր խաղացողը․ ում ուժերը կհայտնվեն աշխարքաղաքական այդ խաչմերուկում, նա էլ կորոշի խաղի կանոնները: Նախկին փոխնախարարի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը այս տարածաշրջանում՝ հատկապես հաշվի առնելով, որ Մոսկվան վերջին շրջանում ազդեցության կորուստներ է ունեցել Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում:

«Ռուսաստանը հետևողականորեն կգնա այդ ճանապարհով, բայց այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանը և Ադրբեջանը վերջնականապես մի օր կսթափվե՞ն և գուցե իրենք համոզվեն, որ եթե գերտերությունների շահագրգռվածությունը այստեղ գերիշխի, մենք, ըստ էության, պերմանենտ կհայտնվենք պատերազմական կամ դիվերսիոն գործընթացների հողմապտույտների մեջ, իսկ դրա արդյունքում կորցնում ենք մեր երիտասարդներին, և ամեն մի այսպիսի միջադեպից հետո Հայաստանում թե Ադրբեջանում մի ընտանիքի ծուխ է մարում, իսկ դրա հետևանքները հարյուրամյակներով հետո հետ բերել չի լինելու», - ընդգծեց Քոչարյանը:

«Ես ուզում եմ ասել, որ այսօր պետք է խոսել խաղաղության մասին, և խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, խաղաղության այն հնարավորությունների մասին, որոնց մասին դեռևս չի խոսվել, այլ խոսվել է միայն Մինսկի խմբի շրջանակների մասին, որը այսօր էլ կարծես թե խմբից վեր է ածվում մեկ գործող քաղաքական համակարգի՝ հանձին Ռուսաստանի, և այդ գործընթացների մեջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ուշադիր լինեն, որպեսզի չկորցնեն իրենց պետականությունը՝ մեկ այլ երկրի շահը սպասարկելու համար», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այս հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի համար ոչ մի լավ բան չի ակնկալում, որովհետև լուծվում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը, այլ լուծվում է երկու երկրների կրակոցների արդյունքում Ռուսաստանի գեոքաղաքական շահը սպասարկելու խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG