Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Ելքը՝ համակարգային իշխանափոխություն, լեգիտիմ իշխանությունների ձևավորում»


Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առջև. երկրում օր-օրի գնաճ ու տնտեսական անկում է արձանագրվում, աղքատության ու արտագաղթի ցուցանիշն է աճում, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ տնտեսական այս խնդիրները քաղաքական պատճառներ ունեն։

«Ելքը մեկն է», - ասում է նա, - «Համակարգային իշխանափոխություն, լեգիտիմ իշխանությունների ձևավորում»։

Մարտիրոսյանն իր իսկ հարցին, թե դրան հասնելու համար ի՞նչ են անելու, այսպես պատասխանեց․ - «Հայաստանում միասնական ճակատ պետք է լինի, միասնական ճակատը, մենք հույս ունենք, որ կսկսվի հենց Գյումրիից, որվհետև Գյումրին իսկապես այսօր Հայաստանի թիվ մեկ հեղափոխական քաղաքն է, կենտրոնն է՝ իր տրամադրություններով և իր գործելաոճով։ Բայց մենակ Գյումրիով չէ, այսինքն, սիմվոլիկ ձևով ասած, եթե Գյումրիով սկսում ենք, մնացած քաղաքաները ևս պետք է միանան»։

«Ժառանգության» փոխնախագահը հույս հայտնեց, որ աշնանը խորհրդարանական ընդդիմադիր չորս ուժերը, իրենց հայտարարության համապատասխան, 12 պահանջները իրագործված չտեսնելու պարագայում միասնական հարթակ կբարձրանան։

«Ես հույս ունեմ, որ արտախորհրդարանական ուժերը ևս կմիանան, հասարակական դաշտի ակտիվ հատվածը ևս կմիանա և մենք բոլորս միասին երկրում կիրականացնենք արմատական իշխանափոխություն և համակարգային բարեփոխումներ կսկսենք, որովհետև իշխանափոխությունը առանց համակարգային բարեփոխումների մեզ ոչինչ չի տա»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ամեն տարի քաղաքական առումով հայտարարվող թեժ աշունը, ի վերջո, այս տարի քաղաքական նոր զարգացումների կբերի՞, թե սա ևս կդասվի հերթականների շարքին Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Հիմա բոլորն էլ խոսում են, ոչ թե մենակ մենք ենք ասում, այլ տարբեր հասարակական գործիչներ, փորձագետներ, քաղտեխնոլոգներ և այլն, ասում են, որ ինչ-որ բան, ոնց որ թե պետք է լինի. մի մասն ասում է՝ դա քառյակի հետ է կապված, մի մասն ասում է՝ քառյակը քխ ա, մենք պուշ ենք, սաղ էդ քառյակի կուսակցությունները սուտ են, մենակ մենք ենք և այլն, բայց արածն էլ դեռ չենք տեսել, բայց դե միևնույն է, ասում են՝ «աշունը մի բան ոնց որ թե լինելու է», թե հիմա կլինի, թե չէ, այլ գործոններից է նաև կախված՝ ֆինանսավորումից, արտաքին քաղաքական ուժերի պահվածքից, ներքին խաղացողների միչև վերջ գնալու կամքից և՝ ամենակարևորը՝ ժողովուրդը պատրա՞ստ է մինչև վերջ գնալու։ Ես հույս ունեմ, որ այս անգամ ժողովուրդը կգնա մինչև վերջ»։

«Ժառանգության» վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանն անդրադարձավ գնաճին՝ նշելով, որ գրեթե ամեն օր խանութ մտնելիս այդ թանկացումը քաղաքացին զգում է իր գրպանի վրա։

Ըստ տնտեսագետի՝ այդ թանկացումները հիմնականում անհիմն են, սոցիալական լարվածությունն էլ մեղմելու տարբերակ կա, սակայն կառավարությունը դրան չի գնում։

«Գնաճին զուգահեռ, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավերի համար, պետք է ինդեկսիացիա լինի, այսինքն փոխհատուցում, դիտմամբ, չարամտորեն չի ընդունվում նաև այդ օրենքը Հայաստանի Հանրապետությունում»,- ընգգծեց Մուրադյանը։

Վարչության մեկ այլ անդամ՝ Ռշտուն Մարտիրոսյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ ասելով, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը չի կատարում իր ֆունկցիաները։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխանակ ծառայի հանրության շահերին, հավասարակշռություն բերի բիզնեսի և հանրության շահերի միջև, նորից հակառակ ֆունկցիա է կատարել»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG