Մատչելիության հղումներ

Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից


Օգոստոսի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությամբ է հանդես եկել` հայտնելով, որ իրենք խիստ մտահոգված են հայ-ադրբեջանական պետական սահմանի վերջին օրերին զինված միջադեպերի և զոհերի կապակցությամբ:

Էշթոնը կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից, ուժի և դրա սպառնալիքի կիրառումից` շարունակելով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ջանքերը:

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել խնդրի քաղաքական լուծման և խաղաղություն հաստատման հնարավորություններին` ի լրացում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների:

Հայտարարությունում նաև ասվում է, որ ԵՄ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և 3 համանախագահների ջանքերին, հատկապես բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու հարցում, ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած նախագահների հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը հնարավոր է կայանա եկող շաբաթ` օգոստոսի 8-ին, Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG