Մատչելիության հղումներ

Կիևը հայտարարում է, որ հետ է մղել Կուպյանսկի ուղղությամբ ռուսական հարձակումը


Կուպյանսկը ռուսական հարվածներից հետո, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Կուպյանսկը ռուսական հարվածներից հետո, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարում են, որ հետ են մղել ռուսական հարձակումը Խարկովի մարզի հյուսիս-արևելքում գտնվող Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ՝ հերքելով Մոսկվայի այն պնդումները, թե ռուսական ուժերը կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող այս տրանսպորտային հանգույցում։

Ավելի վաղ Մոսկվայի կողմից նշանակված մարզային պաշտոնյա Վիտալի Գանչևը պնդել էր, որ ռուսական ուժերը զբաղեցրել են դիրքեր Կուպյանսկ քաղաքի մատույցներում և առաջ են շարժվում դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք։

«Իլինկա բնակավայրի գրավման և Կուպյանսկ քաղաքում ռուսական զորքերի ամրապնդման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», - նոյեմբերի 14-ին հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի Ռազմավարական հաղորդակցության կենտրոնը։

«Գլխավոր շտաբն իրազեկում է, որ երեկ ուկրաինացի զինվորները կանգնեցրել են թշնամու առաջխաղացումը Կուպյանսկում՝ ոչնչացնելով նրանց ամբողջ զրահատեխնիկան և վերացնելով կենդանի ուժի մեծ մասը», - ասվում է հաղորդագրությունում։

Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական պնդումներն անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել։

Ռուսական ուժերը գրավել էին ռազմավարական կարևորություն ունեցող Կուպյանսկ երկաթուղային հանգույցը 2022 թվականի փետրվարին, Մոսկվայի ներխուժման սկզբում, սակայն, արագ հակահարձակման արդյունքում այն ազատագրվեց ուկրաինական ուժերի կողմից նույն տարվա աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG