Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ


Շփման գծում վերջին օրերի լարվածության աճի առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը: Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգադրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Խաղաղ գործընթացին վնասող նման սադրիչ քայլերը հիմք են տալիս միջազգային հանրությանը լուրջ պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ»,- նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր անդրադարձել սահմանային բախումներին՝ խստագույնս դատապարտելով «Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել» և կոչ էր արել միջազգային հանրությանը «սթափեցնել իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»։

Անցած երկու օրերին տեղի ունեցած սահմանական բախումներում հայկական կողմը ունեցել է 2 զոհ, իսկ Ադրբեջանական կողմից ԼՂ ՊԲ տվյալներով զոհերի թիվը կազմել է 9 մարդ:

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG