Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդում ադրբեջանական կողմի զոհերի թվի մասին։
«Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել: