Մատչելիության հղումներ

Երեկվա բախումների ժամանակ վիրավորված հայ զինվորը մահացել է


Նախորդ օրը տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգիս Մովսիսյանը մահացել է հոսպիտալում:

«Ցավոք հոսպիտալում մահացավ օգոստոսի 2-ի դիվերսիայի հետևանքով վիրավորված կ-ստ Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Փառք քեզ հերոս հայորդի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, սակայն հանդիպելով դիմադրության, հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված զինծառայող:

Ավելի վաղ ԼՂ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությանը հայկական կողմից ցույց տրված դիմադրության արդյունքում Ադրբեջանական կողմը 9 զոհ էր տվել, իսկ հայկական կողմից զոհվել էր 1 զինծառայող, 3 զինվոր էլ ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ:

Ադրբեջանական կողմը մինչդեռ պնդում է, որ օգոստոսի 2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք այդ երկրի Պաշտպանության նախարարությունը բնութագրում է որպես «հայկական դիվերսիոն խմբերի դեմ օպերացիա», ադրբեջանական կողմից 4 զինծառայող է սպանվել:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ խորը մտահոգություն են արտահայտել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ և կողմերին կոչ են արել հարգել հրադադարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG