Մատչելիության հղումներ

Շանթի գործով մեղադրյալի բազմանդամ ընտանիքը ապրում է 51 հազար դրամ նպաստով


Շանթի գործով մեղադրյալի բազմանդամ ընտանիքը ապրում է 51 հազար դրամ նպաստով
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Հինգ տարեկան Շանթը Ալեք Պողոսյանի կրտսեր զավակն է:

2008-ի մարտյան իրադարձություններից հետո ծնված որդուն Ալեքը մտերիմ ընկերոջ՝ Շանթին Հարությունյանի անունով է կնքել: Այդ ժամանակ էլ Շանթը դատարանի առջև էր կանգնած՝ «Յոթի գործով»:

Շուրջ ինը ամիս ճաղերի հետևում գտնվող Ալեքի կինը՝ Մանեն, սակավախոս է, դժգոհել չի սիրում, անչափահաս հինգ երեխաներին մեծացնում է Երևանի խուլ արվարձանում գտնվող կիսանկուղային տանը։ Փոքրիկների մահճակալները մութ, խոնավ սենյակում են, ամռանը շենքի տանիքին են հարմարություններ ստեղծել, այստեղ երեխաների ամենասիրելի զբաղմունքը շախմատն է։

Ալեք Պողոսյանի կալանավորումից հետո Մանեն երեխաներին ու Ալեքի հաշմանդամ մորը խնամում է ամսական 51 հազար դրամ ընտանեկան նպաստով. օգնում են գյուղի բարեկամներն ու «Շանթ և ազատություն» հիմնադրամը: Հենց այսօր լրանում է Ալեքի ու Մանեի ամուսնության 15 տարին, այդ մասին նույնիսկ դատավորն իմացավ, երբ Ալեքը դատարանի դահլիճում շնորհավորեց կնոջը այդ կապակցությամբ։

Ընտանիքը հնարավորություն չունի փաստաբան վարձելու: Ալեք Պողոսյանը մեղադրվում է ոստիկանին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ, նրա հորեղբորորդին՝ Իվան Պողոսյանն ասում է՝ գործը վերից վար շինծու է.- «Խիղճը գրպանը դրած մարդիկ են, կատարում են պետական պատվեր, քաղաքական պատվեր»։

Նոյեմբերին Ալեքը միայն գաղափարական հեղափոխության համար էր Ազատության հրապարակ գնացել։ Եղբայրը հեգնում է՝ փայտով ու ճայթուկով իշխանությունը չէին զավթելու.- «Մենք գլորվում ենք անդունդ, տարեցտարի վիճակը ավելի է վատանում, ամեն մեկը առանձին իր տանը նստած գտնում է, որ դա այդպես է, բայց ո՞վ է դուրս գալիս փողոց՝ բարձրաձայնելու դա... քչերը։ Շանթի և ընկերների կողմից դա ավելի շուտ հուսահատ քայլ էր՝ ցուցադրելու ժողովրդին, որ կան մարդիկ, որոնք կարող են դուրս գալ»։

Ալեք Պողոսյանը դատված չի եղել, ուսանող տարիներին մասնակցել է պատերազմին։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դատարանին հատուկ նամակ է ուղարկել՝ վկայելով, որ Ալեքը տասնյակ հուշարձաններ է վերականգնել, դատարանը, սակայն, կալանքի տակ է պահում անչափահաս հինգ երեխաների խնամակալին։

«Ի՞նչ պետք է աներ, եթե գտնվեր ազատության մեջ, ի՞նչ պետք է թաքցներ, եթե դուք արդեն ունեք նկարահանումները։ Ի՞նչ պետք է աներ... պետք է գնար, իր էրեխեքին տեր կանգներ, մանավանդ դուք իր անձնագիրը վերցրել եք»,- ասում է Իվան Պողոսյանը։

Իվան Պողոսյանն ասում է՝ տղաներին բանտարկելով իշխանություններն ատամներով ինքնապաշտպանվում են, զգուշացնում մյուսներին՝ չփորձեք փողոց դուրս գալ, կհայտնվեք Շանթի ու ընկերների կողքին։

«Իշխանությունը դողում է իր հետագա կյանքի համար, այսինքն, թե ինչպես մարսի իր թալանը։ Իշխանությունը գիտի, որ նման մարդկանց առկայության պայմաններում ոչ իրենք, ոչ իրենց թոռները չեն կարողանալու հանգիստ մարսել։ Եթե մարդը չի վախեցել թուրքից, եթե մարդը էս պայմաններում ապրում է, բայց ապրում է ազնիվ, չի ուզում գողանալ, չի ուզում, որ հասարակությունը այդպիսին լինի, չի ուզում իր երեխաները մեծանան այդպիսի հասարակությունում։ Վաղը երբ պատերազմի համար պետք լինեն մարդիկ, որ գնան կռվեն, մենք հաղթելու ենք այս տիպի մարդկանց օգնությամբ։ Ես չգիտեմ՝ մեր պարոն նախագահը հույսը ինչի վրա է դնում»։

XS
SM
MD
LG