Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հակադարձում են Հայաստանի նախագահին՝ պնդելով, որ սահմանին ապրող բնակչությանը պետք է զինել։
Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե իմաստ չի տեսնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու։
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող լարվածությունը, հակառակորդի կողմից անընդհատ կրակոցներն ու դիվերսիոն փորձերը, սահմանում ապրողներից շատերին ստիպեցին մտածել զենքի անհրաժեշտության մասին։
Այգեպարի բնակչուհի Լաուրա Մախսուդյանը պատմում է, որ վերջին կրակոցները երեք օր առաջ էին. հակառակորդը կրակ էր բացել գյուղի անասնաֆերմայի վրա։
«Հանկարծ ու մի բան լինի, ոչ մեկը զենք չի ունենա, ո՞նց կլինի, մինչև իրենք բերեն, զինեն, արդեն ուշ կլինի»,- ասաց Մախսուդյանը։
Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչները պնդում են, որ զենք ունենալու դեպքում կկարողանան դիմել ինքնապաշտպանության։
Ներքին կարմիրաղբյուրցի Վաչիկ Մելքումյանն ու Սարո Շառյանը տարիներ առաջ վնասվել են դիպուկահարի կրակոցներից՝ հաշմանդամ դարձել։ Ասում են, որ անհրաժեշտության դեպքում ոչ միայն իրենց տները կպաշտպանեն, այլև օգնության կհասնեն սահմանապահներին։
«Կարո՞ղ է էդ մարդկանց օգնություն պետք լինի, մարդիկ կարանան, չէ՞, որ հասնեն օգնության։ Այո՛, կարիքը կա, եթե տան՝ լավ կլինի, ով կարում ա, թող զենք բռնի, սահման գնա»։
Մովսես գյուղի բնակելի տներից ադրբեջանական գյուղը ընդամենը կես կիլոմետր է հեռու։ Գյուղապետ Արարատ Ավալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զենքի կարիք զգացվում է լարված իրավիճակներում։ Հիմա իրավիճակը համեմատաբար հանդարտ է։
«Եթե հարձակման պարագա ստեղծվի, հա՛, պետք ա մարդիկ ունենան որոշակի բան, մինչև բանակը լիարժեք համախմբվի։ Բայց ներկա պահին չէ ասի, որ պետք է, չգիտեմ, մարդիկ ցանկություն ունեն ունենալու՝ ունեն, որոշակի մասը ունեն՝ որսորդական զենքեր ունեն, որսորդմիության անդամներ են»,- ասաց Մովսեսի գյուղապետը։
Երեկ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դիտարկմանն ի պատասխան ասել է, թե սահմանամերձ շրջանների բնակչությանը զինելու իմաստ չի տեսնում։ Ավելի վաղ Վազգեն Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե «անհրաժեշտ է զենքով ապահովել սահմանամերձ շրջանների բնակչությանը, քանի որ նրանք նույնպես, ինչպես զինվորները, առաջին գծում են և պաշտպանում են հայրենիքը»:
«Ես իմաստ չեմ տեսնում այսօր մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանե՞նք, իմաստը ինչո՞ւմն է»,- ասել էր Սարգսյանը։
Փոխարենը, նախագահը հետևյալ առաջարկությունն է արել.- «Ով կարող է լրջորեն զենք բռնել, մենք բոլորին հրավիրում ենք ծառայել մեր Զինված ուժերում, որտեղ պայմանները բավականաչափ լավ են՝ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ են ստանում»։
Մովսեսի գյուղապետը Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի ուզում քննարկել։
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը կարծում է, որ ոչ թե բոլորին պետք է զինել, այլ գյուղերին մի քանի զենք տալ։ Նա շեշտում է, որ բանակն անառիկ է ու կարողանում է պաշտպանել իրենց։
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ համակարծիք է Հայաստանի նախագահի հետ, ասում է՝ սահմանապահները ապահովում են բնակչության անվտանգությունը, և որ սահմանի վրա ապրողներից շատերը պայմանագրային զինծառայողներ են։
Մինչդեռ, Մովսես գյուղից, օրինակ, պայմանագրային զինծառայող 40 տղամարդ կա։ Ընդհանուր առմամբ, գյուղում ավելի քան 700 տուն կա, որից բնակելի է 500-ը։ Մնացած տներից բնակիչները հեռացել են։ Ստացվում է, որ Մովսեսի տղամարդկանց չնչին տոկոսն է ծառայում բանակում։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշում է, որ սահմանին ապրող ոչ բոլոր տղամարդիկ կարող են պայմանագրային զինծառայող դառնալ, նրանց զինելն ավելի ճիշտ է։
«Գիտեք, դա իրատեսական կլիներ այն ժամանակ, երբ որ այդ ծառայության ժամանակ ստացված գումարը բավականացներ տվյալ գյուղացու կենսական մակարդակն ապահովելուն, իսկ գնալով Ռուսաստան, այգի մշակելով՝ ավելի շատ գումար է ստանում, քան 150 հազար դրամն է»,- ասաց Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն պետք է զինեն սահմանային գոտում ապրողներին, այլև հատուկ աշխատանքներ տանեն անվտանգության միջոցառումների վերաբերյալ նրանց ուսուցանելու ուղղությամբ, առանց այդ միջոցառումների, նրանք չեն կարող պաշտպանել իրենց ու ընտանիքներին։
«Ամեն մի թիզ, ամեն մի հողը մենք այս սահմանագոտում պետք է ամրոցի վերածենք, որպեսզի սահմանում ապրող գյուղացին հասկանա, որ ինքը պաշտպանված է, իր երեխան պաշտպանված է և կարող է հանգիստ քուն մտնել տանը»,- ասաց ջոկատի հրամանատարը։
Հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել, Եղիազարյանը պատասխանեց, որ միգուցե չի ուզում բանակի վարկը գցել, մյուս կողմից, սակայն, ևս մեկ հանգամանք նշեց՝ գուցե իշխանությունները մտավախություն ունեն, որ զենք ունենալով գյուղացիները հեղափոխություն կանեն։
«Եթե նա կարծի, որ զենք բաժանելով կարող ա վտանգի պետության աթոռը, իշխանությունները կարող է վտանգվեն, նա չարաչար սխալվում է, քանզի աշխարհի պրակտիկան ցույց է տվել, որ եթե ժողովուրդը ցանկանա անել հեղափոխություն, նրանք զենք անպայման գտնելու են»,-ասաց Եղիազարյանը։
Նրա կարծիքով, եթե իշխանությունները չապահովեն իր թվարկած անվտանգության ու պաշտպանական միջոցառումներ, որոնց թվում է զենք տրամադրելը բնակչությանը, սահմանամերձ բնակավայրերը կշարունակվեն դատարկվել։