Մատչելիության հղումներ

Օհանյան․ Հայաստանում մշակվել է դիվերսիոն ներթափանցումները կանխելու համակարգ


Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով սահմանների անվտանգության մասին, մասնավորապես, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», - նշեց նա:

Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են, ասում է Օհանյանը․ - «Շփման գծում, որտեղ դիրքերը շատ մոտ են, այդ տեխնիկական միջոցները կարող են գտնվել հակառակորդի դիպուկահարների կրակի տակ և արագ կարող են նաև ոչնչացվել: Այն դիրքերը, որոնք հեռու են, որտեղ չեն ոչնչացվի այդ միջոցները, մենք կամաց-կամաց տեխնիկական միջոցներ ներդնում ենք: Ասեմ, որ դա բավականին բարդ գործընթաց է և բավականին ծախսատար է»:

Պաշտպանության նախարարը նշում է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր:

«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում: Բազմաթիվ անգամ մենք փորձարկումներ ենք կատարել, և փորձարկման արդյունքում, երևի թե, կգանք համապատասխան եզրակացության և կամաց-կամաց կներդնենք», - ասում է նա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բավարար չի համարում պաշտպանական գերատեսչության համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ:

«Կան շատ լավ հարաբերություններ Պաշտպանության նախարարության հետ, նրանք գալիս են, մեր տեխնոլոգիական ցուցահանդեսները նայում են և այլն, բայց չկա ռազմավարական մոտեցում: Այսօր Հայաստանում մշակվում են տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել սահմանների անվտանգությանը», - ասում է Վարդանյանը, - «Ավելին ասեմ՝ այդ տեխնոլոգիաները Հայաստանը արտահանում է: Ավելին ասեմ ձեզ՝ մի շարք ընկերություններ աշխատում են այլ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համար: Հիմա ընկերություններից մեկը, օրինակ, Սինգապուրի ոստիկանության պատվերով մշակում է անօդաչու թռչող սարքեր, որոնք դիտարկելու են Սինգապուրի ջրային տարածքը: Այսինքն, ըստ էության, դա ռազմական պատվեր է»:

Կարեն Վարդանյանը թվարկում է Հայաստանում մշակվող այն տեխնոլոգիաները, որոնք կարող են նպաստել սահմանների անվտանգությանը։

«Մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք կարող են մեզ թույլ տալ, օրինակ, հայտնաբերել դիպուկահարներին, հայտնաբերելուց հետո տվյալները փոխանցել ավտոմատ կրակակետերին, որոնց կառուցումը էլի մենք հնարավորություն ունենք անելու, որպեսզի նրանք այդ դիպուկահարներին ոչնչացնեն: Մենք ունենք հնարավորություն այդ դիպուկահարներին հայտնաբերել ռադիոտիրույթում, օպտիկական տիրույթում՝ այսինքն տեսանելի տիրույթում, ինֆրակարմիր տիրույթում և այլ տիրույթներում», - նշում է նա:

Հնարավորությունների ցանկն այդքանով չի ավարտվում։ Կարեն Վարդանյանը ցավով է փաստում, որ այսօր Պաշտպանության նախարարությունը օգտագործում է իրենց հնարավորությունների ընդամենը 0.1 տոկոսը։

XS
SM
MD
LG