Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել


Ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել

Վերջերս Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։

Վերջերս Քարվաճառի տարածք ներխուժած և Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված երկու դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել:

Ղարաբաղի դատախազության պաշտոնական տեղեկատվության համաձայն, Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու «Նիվա»-ի վարորդ, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու փաստերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։

Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։

Ղարաբաղի դատախազությունը շարունակում է նախաքննությունը։ Ղարաբաղի Պաշտպանության բանակը հավաստիացրել է, որ խումբը ամբողջությամբ չեզոքացված է, տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում։

Դիվերսիայի փորձը, հիշեցնենք, անցած շաբաթ զուգորդվում էր նաև Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծություններով, հակառակորդը սկսել էր կրակել մեծ տրամաչափի զենքերից` վնասելով բնակիչների տները։ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերից այսօր տեղեկացանք, որ ինտենսիվ այդ գնդակոծություններից հետո վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարաբերական անդորր է: Հակառակորդը գյուղերի վրա վերջին օրերին չի կրակում, սակայն ժամանակ առ ժամանակ կրակ է բացում հացահատիկի դաշտերի ուղղությամբ: Կրակոցները թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հացահատիկը հավաքել։ Դաշտերում աշխատողները ստիպված թաքնվում են:

«Իրենք միշտ էլ խանգարում են մեր գործերին, մեր կյանքը միշտ էլ անհանգիստ ապրելն է, էլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

Պարբերաբար գնդակոծվող համայնքների ղեկավարները տեղեկացրեցին, որ դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և Հայաստանի զինված ուժերին, որպեսզի այդ կառույցները քայլեր ձեռնարկեն դաշտերում աշխատող գյուղացիների անվտանգությունը ապահովելու համար։

Հրադադարի ռեժիմի խախտումների և հակառակորդի դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը։ Միջնորդների հետ Բրյուսելում երեկ կայացած հանդիպմանը արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ էլ նախարարը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզո հանգեցնում է իրավիճակի սրման Արցախի հետ շփման գծում, Հայաստանի հետ սահմանին և տարածաշրջանում։

Հայաստանյան փորձագետները բանակցությունների ակտիվացում են նկատում ԵԱՀԿ Մինսկի խմբի և կողմերի միջև, Հայաստանի և Ադրբեջանի հետ` առանձին-առանձին։ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը տպավորություն է ստացել, որ արևմտյան միջնորդները մտադիր են հասնել լարվածության մասնակի թուլացման. -«Եթե Ադրբեջանը չունենար ռուսական խրախուսանքը, նա շատ ավելի զուսպ կպահեր իրեն, ինչը մենք վերջին ժամանակներս գոնե չենք տեսնում։ Եվ այդ առումով Հայաստանի արտգործնախարարի նկատառումը, որ պետք է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի, այնինչ Ադրբեջանն անում է հակառակը, ես կարծում եմ տեղին է: Դրա մասին պետք է շատ ավելի շատ խոսել, սեփական օրինակով ցույց տալ, բայց, այնուամենայնիվ, վառոդը պետք է պահել չոր։ Որովհետեւ նման ոտնձգություններին լավագույնս պատրաստ լինելը հենց լավագույն միջոցներից մեկն է խուսափելու լարվածության մեծացումից»։

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը չի կարող անհետևանք մնալ տարածաշրջանի և ղարաբաղյան հարցի համար, ուստի չպետք է թույլ տալ, որ Հայաստանը ևս Ռուսաստանի հետ մեկուսանա, պետք է դեմքը շրջել դեպի Արևմուտք ու ՆԱՏՕ:

«Ի վերջո, եթե ներկայումս Արևմուտքը որդեգրում է այնպիսի քաղաքականություն, որ պետք է մեկուսացնել Ռուսաստանը, իսկ ես տեսնում եմ, որ դա այդպես է, այդ ժամանակ հարց է ծագում. իսկ ի՞նչ է լինելու հետխորհրդային տարածքի հետ։ Այստեղ չի կարելի թույլ տալ վակուում։ Եվ արդեն երկու տասնամյակից ավելի խոսում ենք հետխորհրդային ժամանակի մասին, պետք է արդեն խոսել հետռուսական ժամանակի մասին», - ասաց Մեհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG