Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով, Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը, քանի որ այն կարող է առաջացնել «արտաքին քաղաքական խնդիրներ»:
Նման համոզմունք Զաքարյանը հայտնեց «Ազատության» հետ զրույցում:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ֆոնին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները (օրինակ, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը) հատկապես վերջին շաբաթներին բազմաթիվ հայտարարություններ արեցին Մոսկվայի նախաձեռնած միությանը Ադրբեջանի անդամակցության նպատակահարմարության մասին:
«Ադրբեջանը Ռուսաստանի կարևորագույն գործընկերն է, որից մեծապես կախված է Կովկասի տնտեսական իրավիճակը և ռազմա-քաղաքական կայունությունը, ուստի մեզ համար մեծ կարևորություն ունի Ադրբեջանական Հանրապետության հետ լիարժեք ինտեգրացիան: Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարդ բնույթը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, մեզ համար շատ կարևոր է, որ եվրասիական այս ինտեգրացիային լիարժեք մասնակցի նաև Ադրբեջանը»,- «Вестник Кавказа» պարբերականի այս հունիս 10-ի համարում ասում է Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Արտակ Զաքարյանն, այս առնչությամբ, մեկնաբանեց․ - «Իմ անձնական վերլուծությունների արդյունքում ես նպատակահարմար չեմ գտնում Ադրբեջանի անդամակցությունը: [Եվրասիական միությունը] տնտեսական միություն է, իսկ Ադրբեջանն այսօր հայտարարել է իրեն որպես ինքնաբավ տնտեսվարող երկիր, բացի այդ Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»:
Միաժամանակ, Զաքարյանը փոխանցեց, որ այսօր իրատեսական չի համարում Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը՝ «և այդ մասին չկա նաև պաշտոնական տեղեկատվություն»:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք նմանություն չի տեսնում 1920թ․-ի հետ, երբ բոլշևիկյան Ռուսաստանը նվաճեց նորանկախ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը՝ հարկադրելով մաս կազմել ստեղծվող Խորհրդային Միությանը, որից հետո էլ հայտնի եղանակով Արցախը հանձնվեց խորհրդային Ադրբեջանին, Արտակ Զաքարյանն այսպես արձագանքեց․-«Մի քիչ խնդիրները տարբեր են, մի քիչ իրավիճակները տարբեր են, և այսօր խոսել պատմության կրկնության մասին և փորձել հետևություններ անել այդ ենթատեքստում, ես ճիշտ չեմ համարում: Ընդհակառակը՝ ցանկացած նոր իրավիճակ բերում է իր հետ հնարավորություններ»:
Այդքանով հանդերձ, Զաքարյանը հարկ համարեց ընդգծել․ - «Հայաստանի աշխարհագրական դիրքը և հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, բերում են նրան, որ բոլոր ժամանակներում, Հայաստանի բոլոր իշխանությունները պետք է վարեն դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն: Ուժերի հարաբերակցության և քաղաքական ներկայության առումով, ես կարծում եմ, որ Հարավային Կովկասում պետք է որոշակի հավասարակշռված քաղաքականություն լինի, և Հայաստանը այդ հավասարակշռված քաղաքականության կրողն է, և մենք փորձելու ենք առաջիկայում ևս դա իրականացնել, որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի ապահովել երկարատև կայունություն և խաղաղություն Հարավային Կովկասում»:
«Հայաստանի իշխանությունների մոտ մտահոգություններ միշտ էլ եղել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի կապակցությամբ, և դրա մասին ասվել է և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային»,- անդրադառնալով Հայաստանի դաշնակից համարվող Մոսկվայի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինության վաճառքին՝ ասաց Արտակ Զաքարյանը:
Մոտ երկու շաբաթ առաջ արգենտինական Clarin թերթի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը իր հրապարակային մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական բնույթի զինտեխնիկայի վաճառքի կապակցությամբ:
«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- մասնավորապես, ասել էր Հայաստանի նախագահը:
«Տարածաշրջանը անընդհատ սպառազինել՝ դա նշանակում է որոշակիորեն բարդացնել նաև հակամարտությունների լուծումները: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության համար ևս մեկ խնդիր է առաջանում՝ ապահովել հավասարակշռությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության: Սպառազինության խնդիրը ապագայում նաև սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,- եզրափակեց Զաքարյանը: