Մատչելիության հղումներ

ԵՏՄ պայմաններով անդամակցելու դեպքում «Հայաստանի տնտեսության վիճակը կվատանա»


ԵՏՄ պայմաններով անդամակցելու դեպքում «Հայաստանի տնտեսության վիճակը կվատանա»
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ եթե ՄՄ անդամ երկրները Հայաստանին որոշակի արտոնություններ տան, ապա խելամիտ կառավարման դեպքում հնարավոր է ունենալ հաջողություններ:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը այն պայմաններով, որոնք այսօր գործում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև, պետք է սպասել, որ մեր տնտեսության վիճակը կվատանա:

«Անկեղծորեն ասեմ, եթե դառնանք Մաքսային միության (ՄՄ) անդամ, ապա կարճ ժամկետի համար տնտեսության լավացում ես չեմ տեսնում, որովհետև այդտեղ էլ հարց է ծագում՝ ինչ պայմաններով կդառնանք: Արդյոք մեզ թույլ կտան ունենալ բացառություններ: Եթե դառնանք այն պայմաններով, ինչը որ ստորագրված է Մաքսային միության երեք պետությունների միջև, ես սպասում եմ միանշանակ տնտեսության վատացում»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ Հայաստանը իրենց բան ունի տալու, ոչ էլ այդ պետությունները Հայաստանին:

«Հայաստանի տնտեսությունը կազմում է Մաքսային միության անդամ երկրների ՀՆԱ-ի 0.4 տոկոսը: Հայաստանի առևտրի մեջ ՄՄ-ի հետ գերակայում է միայն էներգոառևտուրը Ռուսաստանի հետ և որոշ արտահանում դեպի Ռուսաստան: Մեր առևտրի մեծ մասը, առանց այդ էլ թույլ արտաքին առևտրի մեծ մասը կապված չէ ՄՄ անդամ երկրների հետ», - ընդգծեց նախկին վարչապետը:

Բագրատյանի համոզմամբ՝ եթե Մաքսային միության անդամ երկրները Հայաստանին տան որոշակի մաքսային արտոնություններ՝ մոտ հազար անվանացանկի գծով, ապա խելամիտ կառավարման դեպքում հնարավոր է ունենալ հաջողություններ և օգտագործել Մաքսային միության անդամ երկրների տարածքը՝ Հայաստանի արտահանման ներուժը մեծացնելու համար:

«Կրկնում եմ՝ սա քիչ հավանական է: Մեզ այսօր իբրև սովորական գործընկեր չեն ընդունում, էլ չեմ խոսում այն մասին, որ ընդունեն, հազար անվանացանկով էլ արտոնություն տան», - նշեց Բագրատյանը:

Թեև անցած տարվա վերջից Հայաստանի իշխանությունները այնպիսի արագացված տեմպերով էին բանակցություններ վարում Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակով, ինչը անգամ հարուցել էր պաշտոնական Մոսկվայի զարմանքը, սակայն մինչ օրս ոչ միայն հայտնի չէ, թե երբ է ստորագրվելու միությանը մեր երկրի անդամակցության պայմանագիրը (չնայած նախագահ Սարգսյանը Աստանայում խնդրեց մինչև հունիսի 15-ը պայմանագիրը ստորագրել), այլև՝ Հայաստանի իշխանությունները մինչ օրս պաշտոնապես չեն հրապարակել այն ապրանքների ցանկը, որոնց գծով Եվրասիական միությունում մեզ համար արվելու են բացառություններ և սահմանվելու է ցածր մաքսատուրք: Այստեղ նույնպես հիշենք Աստանայի հայտնի գագաթնաժողովում նախագահ Սարգսյանի խոսքերը, թե մնացել է ընդամենը 2-3 տեխնիկական բնույթի հարց:

Բագրատյանի խոսքով, այսօր կարելի է վստահաբար ասել՝ Հայաստանը ցանկալի հյուր չէ Եվրասիական միությունում.- «Եթե Հայաստանը դառնալու է Եվրասիական միության չորրորդ անդամ, բնականաբար, կքվեարկի այնպես, ինչպես Ռուսաստանը կասի։ Իսկ այսօր այնտեղ երեք ձայն կա, ընդ որում Բելառուսն ու Ղազախստանը միասնաբար կարողանում են շատ հարցերում Ռուսաստանին ետ պահել, օրինակ Եվրասիական միության մասին պայմանագրից նրանք հանեցին բոլոր քաղաքական կետերը։ Սա փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանը այնքան էլ ցանկալի հյուր չէ Եվրասիական միության մեջ։ Կարելի է ասել՝ Եվրամիության համար Հայաստանը գուցե ավելի ցանկալի էր... չնայած ես ոչ մեկի, ոչ մյուսի կողմնակիցն եմ։ Ինչո՞ւ... որովհետև Եվրոպական միության հետ մենք ճանապարհ ունենք՝ Եվրոպա-Թուրքիա-Հայաստան։ Իսկ Եվրասիական միության համար Հայաստանը մի տեսակ անկլավ է»։

մեր զրուցակցի ներկայացմամբ, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների համար լրացուցիչ խոչընդոտ է դառնում Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

«Կարող են փոխվել տրանզիտի կանոնները և ոչ միայն վրացական կողմից, այլ նաև և Եվրամիության, և Եվրասիական միության պահանջներով, դրա համար ինչքան ուշ ստորագրենք կամ ընդհանրապես որևէ միություն չմտնենք, ես ավելի լավ եմ համարում Հայաստանի համար»,- ամփոփեց Բագրատյանը։

XS
SM
MD
LG