Մատչելիության հղումներ

Արևմուտքն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, 16-ը հուլիսի, 2014թ․
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, 16-ը հուլիսի, 2014թ․

Պաշտոնական Մոսկվան անհեռատես է որակում նման քաղաքականությունը և պնդում, որ այն ոչ մի կերպ չի օգնի Ուկրաինային:

Եվրամիության առաջնորդները չորեքշաբթի օրը համաձայնեցին ընդլայնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները:

Ռուսական այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ աջակցել են Կրեմլին Ուկրաինայի պատերազմում, այսուհետ կներառվեն այսպես կոչված սև ցուցակում, որը պետք է հրապարակվի հուլիսի վերջին:

Եվրամիության երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում ասված է, թե հնարավոր է, որ այս պատժամիջոցները վերաբերեն նաև անհատների, ովքեր ակտիվորեն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել: Սա, փաստորեն, նշանակում է, որ առաջիկայում

Եվրամիության առաջնորդները հանդիպում են Բրյուսելում, 16-ը հուլիսի, 2014թ․
Եվրամիության առաջնորդները հանդիպում են Բրյուսելում, 16-ը հուլիսի, 2014թ․

Եվրամիության պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել նաև ռուս օլիգարխները:

Ներդրումային ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերը Ռուսաստանում կփակեն նոր ծրագրերը: Կհետաձգվի նաև Եվրոպական հանձնաժողովի 450 միլիոն եվրո վարկը, որ պետք է տրվեր Ռուսաստանին:

Եվրամիության այս բավական կոշտ դիրքորոշմանը նպաստեցին բրիտանացի, լիտվացի, գերմանացի և շվեդ առաջնորդների ելույթները: Նրանք մատնանշում էին հատկապես այն, որ Ռուսաստանը իրավիճակը մեղմելու քայլեր չի ձեռնարկում:

Բայց թերևս ամենալուրջ ազդեցությունն ունեցավ ԱՄՆ-ը: Երեկ Միացյալ Նահանգները փակեց որոշ ռուսական էներգետիկ ընկերությունների և բանկերի մուտքը ամերիկյան ֆինանսական շուկաներ: ԱՄՆ-ի սև ցուցակում են հայտնվել Ռուսաստանի ամենամեծ նավթային ըներությունը` «Ռոսնեֆտ»-ը, երկրորդ ամենամեծ գազային ընկերությունը` «Նովատեկ»-ը, ինչպես նաև «Գազպրոմբանկ»-ն ու «Վնեշէկոնոմբանկ»-ը, որը, ի դեպ, Սոչիի Օլիմպիական խաղերի հովանավորն էր:

«Ռոսնեֆտ»-ի գլխավոր տնօրեն Իգոր Սեչինը, ով, ի դեպ, համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ խորհրդականներից, Բրազիլիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. - «Հաշվի առնելով այն, որ «Ռոսնեֆտ»-ը Ռուսաստանում բյուջե ապահովող կազմակերպություն է, պարզ է դառնում, որ այդ պատժամիջոցները ոչ թե ուղղված են կոնկրետ ընկերությանը, այլ նպատակ ունեն վնասել Ռուսաստանի ինքնիշխան քաղաքականությունը և մեր քաղաքացիների բարօրությունը»:

Այսօրվանից ամերիկյան ընկերությունները բիզնես չեն անի ռազմական «Բազալտ», «Կռետ», «Սոզվեզդիե», «Մաշինոստրոյենիե», «Ալմազ-Անտեյ», ԿԲՊ, ՅՈւՎԶ և «Կալաշնիկով» ընկերությունների հետ: ԱՄՆ-ը նաև սառեցրել է Կրեմլի բարձրաստիճան խորհրդական Իգոր Շչեգոլևի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի բաժնի ղեկավար Սերգեյ Բեսեդայի ակտիվները` դիտարկելով նրանց որպես ուկրաինական պատերազմի նախաձեռնողներ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով սահմանված պատժամիջոցները, ասել է, որ դրանք հրահրում են հակաամերիկյան և հակաեվրոպական տրամադրություններ և որևէ կերպ չեն օգնի Ուկրաինային:

Վլադիմիր Պուտինը կոշտ քննադատության է արժանացրել ԱՄՆ-ի նախաձեռնությունը:
«Որպես կանոն՝ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ունենում և անկասկած դեպի փակուղի կբերեն ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև լուրջ վնաս կհասցնեն ամերիկյան կառավարության և ամերիկացի ժողովրդի շահերին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով` Միացյալ Նահանգները անհեռատես արտաքին քաղաքականություն է վարում: «Նրանք, ովքեր պատասխանատու են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար, ցավոք սրտի, ագրեսիվ քաղաքականություն են վարում և իմ կարծիքով՝ նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ: Ինչին նրանք դիպչում են՝ վերածվում է խնդրի: Նայեք ձեր շուրջը՝ Աֆղանստանը պրոբլեմ է, Իրաքը քանդվում է, Լիբիան քանդվում է, Եգիպտոսը նույնպես ուժաթափ կլիներ, եթե չլիներ ներկայիս նախագահը, շատ աֆրիկյան պետություններ են խնդիր դարձել, հիմա էլ նրանք անցան Ուկրաինային և խնդիրներ առաջացրեցին», - ասել է նա:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման էլ, իր հերթին, քննադատում է Պուտինի վարած քաղաքականությունը: «Մենք միշտ նախընտրել ենք այս հարցը դիվանագիտորեն լուծել, բայց պետք է կոնկրետ քայլեր տեսնեինք Ռուսաստանի կողմից ռուս - ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: Առայժմ Ռուսաստանը չի հաջողել այդ հարցում և փաստորեն շարունակում է աջակցել Ուկրաինայի անկախությանը վնասող անջատողականներին», - հայտարարել է Օբաման:

Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումն այսօր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: Վերջին զարգացումները մեկնաբանել են եվրոպական ազդեցիկ երկրների առաջնորդները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել են, որ սա կարելի է համարել Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հաջորդ փուլ` ի պատասխան պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքականության:

Այսօր արդեն Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվայի արժեթղթերի շուկայում ռուբլին ապակայունացել է և արժեզրկվել դոլարի նկատմամբ 1 տոկոսով:

Փորձագետներն ասում են` Արևմուտքը պատժամիջոցները խստացնելու ավելի լավ ժամանակ, քանի հիմա է, չէր կարող գտնել: Դեռ մի քանի շաբաթ առաջ ռուսական շուկան համեմատաբար կայուն էր նավթի մեծ քանակների շահագործման շնորհիվ, այսօր իրավիճակն այլ է, և Արևմուտքի պատժամիջոցների արդյունքներն արդեն զգացվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG