Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը ներողություն է խնդրում ժողովրդից


«Օրինակ երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Օրինակ երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը ներողություն է խնդրում ժողովրդից՝ անցած տարիների ընթացքում թույլ տված սխալների, բացթողումների ու թերությունների համար։

Բաղդասարյանի խոսքով` իշխող կոալիցիայից դուրս գալուց երեք ամիս անց կուսակցությունը համոզվել է, որ Հայաստանում ձևավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների, միակուսակցական իշխանական համակարգ։

«Իրական կոալիցիաների բացակայությունը բացառում է լայն հասարակական համախմբումը իշխանության շուրջը, ինչը հակասում է ժողովրդավարական երկրներում գործող կառավարման սկզբունքներին, մեծացնում է կոռուպցիան, անպատասխանատվությունը և ամենաթողությունը», - ասաց Բաղդասարյանը:

«Օրինաց երկիր»-ը որոշել է այսուհետ ակտիվ մասնակցել հանրահավաքային պայքարին, կազմակերպել երթեր ու հրապարակային միջոցառումներ։ Այդուամենայնիվ, առաջիկա հանրահավաքում իշխանությունների, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը ՕԵԿ-ը չի պահանջելու։

«Սերժ Սարգսյանը ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նախ նա, Սահմանադրության համաձայն, չի կարող այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում, ինքը հայտարարել է, որ չի հավակնում նաև լինել Հայաստանի վարչապետ և ընդամենը երկուևկես տարի հետո Հայաստանում ուզենք թե չուզենք, եթե ոչ ավելի շուտ մեկնարկելու են խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Իսկ ընդհանրապես ես Հայաստանում չեմ բացառում գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը: Ինչո՞ւ: Որովհետև վերջին 23 տարում նման իրավիճակ չի եղել, երբ խորհրդարանում լինի մի կուսակցություն և հինգ կուսակցությունները ունենան մեկ այլ դիրքորոշում այդ մեկ կուսակցության նկատմամբ», - նշեց Բաղդասարյանը:

Նա մտահոգիչ զարգացումներ է տեսնում նաև արտաքին քաղաքական ասպարեզում, մասնավորապես՝ Հայաստան - Եվրամիություն (ԵՄ) ու Հայաստան - Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) գործընթացներում․ - «Որովհետև Հայաստան - Եվրամիություն բարեփոխումների քաղաքական քաղաքական օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության հետ կապված վերջին զարգացումները ցույց են տալիս, որ իրոք մեր երկրում անհրաժեշտ է ձևավորել ագրեսիվ, պատրաստված, գրագետ թիմ, որը կարող է իսկապես բանակցություններ վարել մի կողմից ԵՏՄ-ի հետ, մյուս կողմից ԵՄ-ի հետ՝ առաջ մղելու մեր քաղաքական օրակարգի գերակայությունները»:

Բաղդասարյանի կարծիքով` գործընթացը կհասցվի իր տրամաբանական ավարտին և Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ին կլինի Եվրասիական տնտեսական տարածքում։

XS
SM
MD
LG