«Կրակի բերանին ապրելը հեշտ չէ», - ասում են, բայց և շարունակում. - «Խուճապի չենք մատնվել ու չենք մատնվելու»։
Վազաշեն - Պառավաքար ճանապարհի շինարարության հատվածում, ինչպես և սահմանամերձ այս մարզի այլ հատվածներում, հակառակորդի կրակոցներ հնչում են գրեթե ամեն օր, սակայն այստեղ աշխատող տավուշցիներին կրակոցների վտանգը հետ չի պահում։
Ճանապարհի երկայնքով ձգվելիք 5 մետր բարձրությամբ պատնեշը երթևեկողներին կպաշպանի հակառակորդի դիպուկահարներից։ Այստեղ աշխատող սևքարեցի Գարեգին Օհանյանը կյանքը վտանգելով է վաստակում. - «Իմ հողամասը սահմանի մոտ ա, մեր սալդաթը չի թողում, որ գնամ [մշակեմ], միննի պոլյա կա, բան կա»:
Գյուղից հեռանալ, այդուհանդերձ, այստեղ աշխատող մարդիկ չեն պատրաստվում:
Չնայած երիտասարդները ևս ամուր կառչած են հայրենի հողին, բայց ճար չունեն՝ առանց աշխատանք չեն կարող մնալ։ Այս է պատճառը, որ տավուշցիները Կառավարությանը խնդրում են կանխել արտագաղթը՝ աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վիկտոր Ավալյանի որդիները առայժմ հեռանալու մտադրություն չունեն. - «Առանց ուժեղ թիկունքի ուժեղ բանակ հնարավոր չի, որ լինի… Գնում են… եթե սկի ոչ մի բան չըլի` արտագնա աշխատանքի»:
Հարցին, թե ի՞նչ է կարծում սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Ավալյանը պատասխանեց, թե նման իրավիճակը երկար չի շարունակվի. - «Մեկ ա` սկսվելու ա [պատերազմը]: Պիտի պատրաստ լինենք»:
Վիկտոր Ավալյանը ուշադրություն է հրավիրում հետևյալ խնդրի վրա. - «90-ական թվականներին առանց դրսի օգնության Շամշադինի ժողովուրդը իրա սահմանները պահել ա: Հիմա, եթե զորքի օգնություն չլինի, իհարկե, չի կարա: Իսկ էն ժամանակ որսորդական հրացաններով, եսիմ եղանով ու կացինով պահել են:»
Առանց խուճապի մատնվելու կյանքը վտանգելով ապրող այս մարդիկ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն։ Վկան գյուղի խանութի պարտքացուցակն է, որում 200 անուն կա, իսկ ընդհանուր գումարը, ըստ վաճառողի, կազմում է 5 միլիոն դրամ։
Վաճառող Սիրուշ Նավասարդյանն ասում է, որ ցուցակում գերակշռում են սննդամթերքի՝ ալյուրի, ձեթի ու շաքարավազի պարտքերը։
Պատկերը գրեթե նույնն է ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող Մովսես գյուղում։
«Լարված կյանք ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց մովսեսցի մի կին: Մովսեսցիները, այդուհանդերձ, արդեն սովորել են վտանգի տակ ապրել, արարել:
Անցած շաբաթ այցելելով մարզի սահմանամերձ գյուղերից մի քանիսը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ամեն ինչ անել, որպեսզի սահմանամերձ գյուղերը չդատարկվեն, դրանց բնակիչները գոնե փոքր-ինչ գոհ լինեն իրենց կյանքից: Նման խոստումներ տավուշցիներն անցած տարիներին շատ են լսել: