Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։
«Ազատության» հետ զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ այսօր առավոտյան դարձյալ կրակոցներ են հնչել գյուղում: Տուժածներ, բարոբախտաբար, չկան:
«Առավոտյան եղել են կրակոցներ, ժողովուրդը, բանվորները այգիներում աշխատելու պահին: 10 օր կլինի ամեն օր կրակում են», - ասաց գյուղապետը:
Մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմի կրակոցներից Պառավաքարում 16-ամյա մի պատանի էր վիրավորվել։ Նախորդ մի քանի օրերին պարբերաբար կրակում են նաև Չինարիի ուղղությամբ., համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով՝ գյուղացիները չեն կարողանում մշակել վարելահողերը։
«5 օր ա շարունակ ամենօրյա կրակում են: Հենց գյուղի հարակից տարածքներում գյուղտեխնիկան դուրս է գալիս աշխատանքի, խանգարում են, չեն թողնում: 2-3 դիպուկահար, ամենօրյա կրակոցներ միշտ էլ լինում են : Գյուղի կենտրոնական ճանապարհն ա կրակի տակ ու ծայրամասային թաղամասերը: Ժողովուրդը արդեն պաշտպանվելու ձևերը գիտեն: Ամենավտանգավորը առաջին կրակոցն ա, որից հետո ամենափորքր երեխաներից մինչև տարեցները գիտեն, որ պետք է պատսպարվեն», - պատմեց Սաղոյանը:
Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում։ Գյուղի դպրոցն ու մանկապարտեզն անմիջապես հակառակորդի դիրքերի նշանառության տակ են՝ սահմանից մի քանի հարյուր մ հեռավորության վրա։
Դպրոցի և մանկարապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը նախաձեռնել է պաշտպանիչ պատ կառուցել։ Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք են սկսել։
«Մոտ 16 հազար դոլար է հարկավոր ծրագիրը ամբողջությամբ իրականացնելու համար, դա ներառում է 70մ երկարությամբ և 3մ բարձրությամբ պատի կառուցումը»,- փոխանցեց «Այո» հարթակի տնօրեն Արմեն Անմեղիկյանը։
Կառավարությունը ևս նախատեսում է պարսպապատել Այգեպարի մանկապարտեզի և դպրոցի շենքերը։
Չնայած շարունակական կրակոցներին, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որոշակի չափով լարվածության նվազում է նկատում․ - «Իրավիճակը կարելի է նույնիսկ մի փոքր լարվածության նվազում բնութագրել, համեմատած մի քանի օրվա առաջվա իրավիճակի հետ»:
Հայկական զինված ուժերը սահմանի որոշ հատվածներում պատասխան կրակ են բացել՝ լռեցնելով հակառակորդին։ Հովհաննիսյանը փաստում է, որ հայկական կողմից տուժածներ չկան: