Ի՞նչ անեն աղքատության մեջ գտնվող այն քաղաքացիները, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց կառավարությունից որևէ աջակցություն չեն ստանում: Սոցիալական հարցերի նախարարության պատասխանը հետևյալն է՝ ամեն մեկը մի միջոց կգտնի:
Հոսանքի թանկացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը որոշել է ամսական 1000 դրամով օգնել նպաստ ստացող 100 հազար ընտանիքի: Մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է ամեն երրորդը՝ մոտ մեկ միլիոն մարդ: Այսինքն արդեն իսկ աղքատի կարգավիճակում գտնվող քաղաքացիների մի զգալի մասը այս նոր թանկացումից հետո հայտնվելու ավելի վատ վիճակում:
Կառավարությունը սակայն որոշել է 1000 դրամով օգնել միայն նպաստ ստացող ընտանիքներին: Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ Արմեն Մարգարյանը, օգոստոսի 1-ից անապահով ընտանիքներին տրվող միջին նպաստը 29 350-ից կդառնա 30 350 դրամ, իսկ հրատապ եռամսյակին օգնություն ստացողները 16 հազարի փոխարեն կունենան 17 հազար դրամ:
Հարցին, թե ի՞նչ անեն մյուսները, ովքեր ոչ նպաստ են ստանում, ոչ էլ եռամսյակային օգնություն, պաշտոնյան պատասխանեց.- «Ուղղակի Ձեր հարցը ընդհանրական է, ես չեմ ուզում անդրադառնալ մնացած ընտանիքներին, որովհետև ընտանիքների թիվը, փառք Աստծո, 100 հազար չէ, շուրջ 700 հազար է, ամեն մեկը մի միջոց կգտնի։ Հուլիսի 1-ից բարձրանում են աշխատավարձերը, մենք ունենք այլ ծրագրեր՝ երեխայի ծննդյան նպաստի ծրագիր...»։
Այսպիսով, այն աղքատները, ովքեր թանկացած հոսանքի դիմացի օգնություն չեն ստանա, պետք է իրենց գլխի ճարը տեսնեն, դե իսկ 1000 դրամ օգնություն ստացողներն էլ ընդգծում են, թե այդ գումարը որևէ կերպ իրենց վիճակը չի բարելավելու, հատկապես որ հոսանքի թանկացումը իր ետևից բերելու է այլ ապրանքների թանկացմանը: Շատերը պարզապես նվաստացուցիչ և վիրավորական են համարում աղքատ ընտանիքներին ամսական 1000 դրամով օգնելու կառավարության որոշումը: Սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալը մինչդեռ պնդում է՝ կարող ես մեկին տասը դրամ տալ և նա չի վիրավորվի:
«Ցանկացած թանկացում իր հետ բերում է վրդովմունքներ։ Ամենահարուստ մարդու մոտ էլ է բերում այդ վրդովմունքը և ամենաղքատի մոտ էլ։ Բայց դրան պետք է նայել ավելի զգոն. եթե կա դրա անհրաժեշտությունը և մենք չենք ուզում ունենալ հովհարային անջատումներ և այլն... 1000 դրամից վիրավորված են, չգիտեմ, ինչ ասել այդ մարդկանց։ Կարող է մեկին տասը դրամ տաս, ինքը ընդհանրապես չվիրավորվի, մյուսին 1000 տաս, վիրավորվի, բան չունեմ ասելու, կարող է քիչ է, իրենք կարող է ուզում են՝ շատ լինի։ Ես բան չունեմ ասելու դրա վերաբերյալ»,- ասաց Մարգարյանը։
Քառյակի անդամ, Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով օգոստոսի 1-ից հոսանքի թանկացմանը և 1000 դրամով օգնելու կառավարության որոշմանը, նշեց, թե այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենալու, քանի որ հոսանքի թանկացումը իր ետևից բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման արդեն իսկ պարենային որոշ ապրանքներ թանկացել են՝ հացը, թթվասերը և այլն: Ընդդիմադիր գործչի փոխանցմամբ՝ միայն մեկ տարվա ընթացքում իշխանությունը ժողովրդին մի քանի հարված է հասցրել՝ էլեկտրաէներգիայի թանկացում մոտ 40 տոկոսով, գազի գնի թանկացում մոտ 20 տոկոսով, մարդկանց աշխատավարձերի շորթում՝ պարտադիր կուտակային համակարգի միջոցով և թալան՝ արագաչափերի և կարմիր գծերի օգնությամբ։
«Որ մի հարվածին, որ մի դարդին դիմանա, որ մի նոր ավելացող հարկերին դիմանա, երբ հակառակ կողմից որևէ մուտք չկա, ոչ աշխատատեղ ես բացում, ոչ հեռանկար, ինչ է մնում քաղաքացուն... կամ եղած-չեղածը ծախի գնա, առնող էլ չկա, բոլորը վաճառող են Հայաստանում, կամ հիասթափվի, ինքնասպան լինի, կամ արտագաղթի, ինչը տեղի է ունենում։ Պետությունը, իշխանությունը, պետական ապարատը պատերազմ է հայտարարել իր քաղաքացուն, իր համար կոպեկ բերողին։ ՀՀ քաղաքացուն ասում են՝ կամ հանձնվիր, կամ թող լքի Հայաստանը։ Սա սովորական պատերազմ է սեփական երկրի սեփական քաղաքացու նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։