Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հատուկ պայմաններ է ստեղծել փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին հարստացնելու համար:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շահագործման ծախսերը վերադարձնելուց հետո պետությունը ստիպում է հիդրոէլեկտրակայաններին նվազեցնել հոսանքի գինը, մինչդեռ հայաստանյան ՀԷԿ-երը բավական թանկ՝ 20 դրամից ավելի սակագնով են վաճառում արտադրած հոսանքը:
«Մենք՝ սպառողներս, փաստացի ֆինանսավորում ենք այդ բիզնեսը: Գերշահույթ ապահովելու նպատակով է, և հենց այն նպատակով է այդ սակագինն ընդունված, որպեսզի փոքր ՀԷԿ-երը կառուցելը շահավետ լինի ցանկացած քիչ թե շատ նորմալ հոսք ունեցող գետի կամ այլ ջրային հոսքի վրա: Այսինքն բոլոր հոյակապ պայմանները ստեղծված են բիզնես շահն ապահովելու համար», - ասաց Գալստյանը:
Սա այն դեպքում, երբ պետությունը հաշվի չի առնում, որ այս կայանների շահագործումը էկոլոգիական և սոցիալ- տնտեսական անդառնալի վնասներ է հասցնում գետի էկոհամակարգին, բնությանն ու շրջակա համայնքներին:
Բնապահպանի խոսքով՝ Կառավարությունը միտումնավոր ոչինչ չի անում էներգիան այլընտրանքային ճանապարհով, օրինակ, արևային էներգիա ստանալու համար:
Համահայկական բնապահպանական ճակատը երեք անգամ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ պահանջելով իջեցնել ՀԷԿ-երի համար սահմանված սակագինը, բայց անօգուտ․ - «Սովորական մարդը կարո՞ղ է 2-3 միլիոն դոլար փող ունենա, որպեսզի ինքը ներդնի փոքր ՀԷԿ կառուցելու համար: Որ փոքր ՀԷԿ-ը նայեք, հիմնականում դրա հետևում ինչ-որ ներկա կամ նախկին պաշտոնյա կամ ինչ-որ օլիգարխ կանգնած է անպայման: Բոլորն անցնում են կոռուպցիոն լավ ձևավորված և համակարգված շղթայի միջով, որի միջոցով էլ հենց սնվում և գոյատևում է այս մեր համակարգը, որը միայն բիզնես շահն է սպասարկում»:
Անդրեաս Ղուկասյանը, ով ակտիվորեն պայքարում էր գազի թանկացման դեմ, շարունակում է, թե հենց այդ պատճառով էլ սակագինը ձևավորվում է փակ դռների հետևում: Նրա գնահատմամբ` Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը կոռուպցիոն համակարգի հանգույցներից է, իշխանությունների կամակատարը ու ժողովրդի դեմ դավադրություն է կազմակերպում․ - «Ցանկացած պետություն պիտի իր էներգետիկ անկախությունը ձգտի ապահովել իրեն հասանելի ռեսուրսներով: Այսօր, կարելի է ասել, որ ընդհակառակը, Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը նպատակ ունի սպասարկել Ռուսաստանի «Գազպրոմ»-ի շահերը Հայաստանում»:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը անցած տարի բողոքի ակցիաները տեղափոխեց դատարան, բայց կապույտ վառելիքը միևնույն է թանկացավ․ - «Էդ մի տարվա աշխատանքի արդյունքում ընդամենը հասանք նրան, որ ունեցանք երկու վճիռ՝ մեկը 60 էջանոց, մեկը՝ 80 էջանոց»:
Ուստի էլեկտրաէներգիայի սակագնի դեպքում անաչառ դատավարություն ակնկալելը Անդրիաս Ղուկասյանը ծիծաղելի է համարում: Նրա հաշվարկներով, գազը և հոսանքը առնվազն 30 տոկոսով կարող էին էժան լինել: Այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին Սերժ Սարգսյանն է նշանակում, արդեն շատ բան է ասում:
«Վարչական ռեսուրսը չարաշահելով՝ հանձնաժողովը պարզապես ինքնուրույն որոշումներ է կայացնում: Ձևական է հանրության մասնակցությունը որոշում կայացնելու այդ գործընթացին, և այդ հանձնաժողովի միջոցով լեգալիզացվում են անօրինական որոշումները՝ ի վնաս մեր ժողովրդի», - ասաց Ղուկասյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևրոգյանը վերջին տարվա ընթացքում հոսանքի շուրջ 37 տոկոսով թանկացմանը հակադրում է Ռոբերտ Նազարյանի ու մյուս հանձնաժողովականների պաշտոնապես հայտարարագրած հարյուր հազարավոր դոլարները: Պակաս տպավորիչ չեն էլեկտրական ցանցերի ռուս ղեկավարների աշխատավարձերը: