Մատչելիության հղումներ

Համազեկուցողները չեն հանդիպել մարտի 1-ի զոհերի հարազատներին


Համազեկուցողները չեն հանդիպել մարտի 1-ի զոհերի հարազատներին
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

ԵԱՀԿ-ի համազեկուցող Աքսել Ֆիշերը «Ազատությանն» ասել է, որ մարտի 1-ի սպանությունների չբացահայտման խնդիրը կներառեն առաջիկա զեկույցում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Երևան կատարած եռօրյա այցի ժամանակ չեն հանդիպել մարտի 1-ի զոհերի հարազատներին և նախկին փաստահավաք խմբի անդամներին:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի, Սամվել Հարությունյանի և Արմեն Ֆարմանյանի հարազատները:

Մարտի 1-ին «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցից սպանված 34-ամյա Արմեն Ֆարմանյանի հայրը՝ նրա իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյան «Ազատության» հետ զրույցում ենթադրեց.- «Երևի թույլ չեն տվել, այո, ի՞նչ կա, իսկ նախորդ տարիներին մենք միշտ հանդիպել ենք: Ամեն տարի գալիս-գնում են, ոչ մի արդյունք չկա»։

Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը երկու օր առաջ «Ազատությանն» ասել էր, որ մարտի 1-ի սպանությունների չբացահայտման խնդիրը կներառեն առաջիկա զեկույցում:

Մարտի 1-ի հարցով լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանին հարցրինք, թե ի՞նչ է ակնկալում սպասվող զեկույցից։
«Ոչ մի բան չեմ ակնկալում, որովհետև համազեկուցողները արդեն երկու տարի է, եթե չեմ սխալվում, մոռացել էին Հայաստանի տեղը մարտի 1-ի կտրվածքով: Եվ հիմա թե ինչ նպատակով հայտնվեցին և ինչ հարցեր էին քննարկում և ում հետ, ինձ համար պարզ չդարձավ, որովհետև, եթե մարտի 1-ի թեմայով զեկույց պիտի պատրաստեն, առաջին հերթին կարող էին զրույց ունենալ մեզ հետ՝ հասկանալու համար չբացահայտված լինելու բուն էությունը: Դա ես չտեսա: Տպավորություն ստացա, որ ձևական բնույթ է կրում»,- ասաց Քոչարյանը։

Իբրև ոչ իշխանական ներկայացող կուսակցություններն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պարտավոր էին ժամանակին ապահովել մարտի 1-ի հարազատների ներկայացուցիչների ներգրավվածությունը խորհրդարանում:

«Դա բավական էր, որպեսզի այդ թեման մշտական լարվածության մեջ պահեր գործող իշխանություններին, որովհետև այդ մարդիկ ընդամենը մեկ հարց պետք է միշտ բարձրացրած պահեին՝ ո՞վ սպանեց մեր երեխաներին: Քանի որ այդ հարցը միշտ բարձրացվում է մարտի 1-ի նախաշեմին և մոռացվում է, ես կուզեի, որ այս խնդիրը ճիշտ լուծում ստացած լիներ այն ժամանակ, և այսօր մենք դրա առջև չէինք կանգնի, որովհետև այսօր մեր խնդիրը վերջիվերջո դարձավ այն, որ ընդդիմությունը, «ընդդիմություն» բառը մոռանալով, իրեն նոր ձևակերպման մեջ տեղավորեց. դա «ոչ իշխանական» ձևակերպումն էր, որը իշխանության հետ համագործակցելու շատ փոքրիկ քայլի տեղ է տալիս: Այ, այդտեղ է մեր խնդիրը»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, հասարակությունը պետք է կարողանա վերականգնել այն ձևաչափը, որը հնարավորություն կտա բացահայտել նաև մարտի 1-ի սպանությունները:
XS
SM
MD
LG