Մատչելիության հղումներ

«ՖՍԲ»-ն ԱՊՀ տարածքում կանխելու է հեղաշրջումները


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արխիվ, Մոսկվա, 1 փետրվարի, 2013թ.
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արխիվ, Մոսկվա, 1 փետրվարի, 2013թ.

Ըստ Մոսկվայի, «քայքայիչ գործողություններն» արտասահմանից են ֆինանսավորվում։

Երեկ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների համաժողովը, որից հետո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարությամբ։

«Մենք հաշվի ենք առնում այն, որ ԱՊՀ երկրներում կարող են լինել իշխանությունը տապալելու որոշակի նպատակներ հետապնդող ուժեր։ Մենք օպերատիվ տվյալներ ենք փոխանակում»,- ասել է Բորտնիկովը։

Նրա պնդմամբ, «կան փաստեր առ այն, որ ԱՊՀ տարածքում քայքայիչ գործունեությունը ֆինանսավորում են արտասահմանյան կառույցները»։

«Մեր ջանքերն ուղղված են մեկ հիմնական նպատակի` ապահովել, որ որոշակի ուժերի օրինական ընդդիմադիր գործունեությունը ոչ մի դեպքում չվերաճի քայքայիչ գործողության»,- ընդգծել է Բորտնիկովը։

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը «կոշտ միջոցներով կարձագանքի ԱՊՀ երկրներում իշխանությունը զավթելու փորձերին»։

«ԱՊՀ տարածքում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայքայիչ ուժերի գործողություններն անընդունելի են, մենք կգործենք օրենքի սահմաններում և կոշտ, մենք թույլ չենք տա քայքայիչ ուժերին ազդել մեր երկրների իրավիճակի վրա»,- ընդգծել է Բորտնիկովը։

Մինսկում ԱՊՀ անվտանգության ծառայությունների ղեկավարների համաժողովի մասնակիցների թվում չեն եղել Ուկրաինայի ներկայացուցիչները, թեպետ նրանք, ըստ Բորտնիկովի, հրավիրված էին։

Բորտնիկովի խոսքերով, Ուկրաինայի իրադարձություններն ապացուցում են, որ և՛ ընդդիմության, և՛ դրսի ուժերի շրջանում կան որոշակի մարդիկ, ովքեր ցանկանում են իրականացնել սահմանադրական կարգը փոխելու նպատակով իշխանությունը տապալելու ծրագիր։

«Մենք տեսնում ենք իրական մտադրություններ, համապատասխան տեղեկատվությունը մեզ ստիպում է արձագանքել, միավորել մեր ջանքերը, տեղեկություններ փոխանակել»,- ասել է Բորտնիկովը՝ պարզաբանելով, որ նշված ուժերը գործում են ապօրինի եղանակով և ֆինանսավորվում են ԱՊՀ տարածքում գրանցված ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։

Ռուսաստանում վերջին ամիսների ընթացքում հետզհետե խստացնում են վերահսկողությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ։ Մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում աշխատող մի շարք կառույցներ չեն վերագրանցվել կամ հայտնվել են «արտասահմանյան գործակալի» կարգավիճակում։

ԱՊՀ տարածքում ազդեցությունն ամրապնդելու Ռուսաստանի ձգտումը չեն թաքցնում նույնիսկ այդ պետության դեսպանները։ Այս առումով կարելի է հիշել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի վերջերս հնչեցրած աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ «անհրաժեշտ է արգելել ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրող կազմակերպությունների գործունեությունը»։
XS
SM
MD
LG