Մատչելիության հղումներ

Սիրիահայերը Երևանում մասնակցեցին Սիրիայի նախագահի ընտրությանը


Սիրիահայերը Երևանում մասնակցեցին Սիրիայի նախագահի ընտրությանը
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը այսօր մասնակցեցին Սիրիայի նախագահի ընտրությանը։

Վաղ առավոտից Հայաստանում Սիրիայի դեսպանատան առջև մեծ հերթ էր գոյացել։ Ընտրատեղամասը հենց դեսպանատան շենքում է։ Բակում էին հավաքվել Սիրիայի քաղաքացի ազգությամբ հայերը, ովքեր շուրջ կես ժամ հերթում սպասելուց հետո կարողանում էին ներս մտնել, կատարել իրենց քաղաքացիական պարտքն ու դուրս գալով դեսպանատնից՝ զրուցել վաղեմի ծանոթների հետ։

Սիրիահայերը այսօր ընտրության էին եկել հանուն Սիրիայի խաղաղության։ Պատերազմի ընթացքում անցած երկուսուկես տարիներին հայրենիք տեղափոխված սիրիահայերը հույս ունեն, որ նախագահի ընտրության շնորհիվ կկայունանա Սիրիայի վիճակը, երկիրը դուրս կգա պատերազմից ու նոր կյանք կսկսի։

Շատերը, սակայն, ամուր են հաստատվել հայրենիքում ու մտադիր չեն այստեղից հեռանալ։

Հրայր Ակվիլյանը նրանցից մեկն է։ Ճիշտ է, եկել էր քվեարկության, որպեսզի իր քաղաքացիական պարտքը կատարի, բայց հայրենիքում արդեն իր սեփական գործը՝ փայտամշակման արտադրամասն է բացել, ու ապագան Հայաստանի հետ է կապում։ Հեռվից հեռու հետևում է Սիրիայի իրադարձություններին։

«Առաջին անգամ է, որ երեք թեկնածու է մասնակցում, նույնիսկ մյուս երկուսին ծանոթ չէի, հանրությանը ծանոթ մարդիկ չեն։ Ես կարծում եմ, որ մի քիչ թատերական հարց է։ Չեմ կարծում, որ իսկական ընդդիմադիր են»,- ասաց Ակվիլյանը։

Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին, իսկ Սիրիայի սահմաններից դուրս ապրող քաղաքացիների համար քվեարկությունն այսօր է անցկացվում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2.8 միլիոն մարդ փախստական է դարձել այս պատերազմի հետևանքով։

Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ Բաշար Ասադը, կոմունիստական կուսակցության նախկին ներկայացուցիչ Մահեր Աբդուլ-Հաֆեզը և նախկին պատգամավոր Հասան Աբդալա ալ-Նուրին։

Փեգի Լեփեջյան-Բարսումյանը քվեարկում էր հանուն Սիրիայի խաղաղության։ Նրա ընտանիքը ևս ապագան Հայաստանի հետ է կապում։ Նա մտադիր է Երևանում սեփական զարդերի խանութը բացել։

«Աստված տա, մեծ հույս ունենք, որ ավելի լավ կլինի»,- ասաց Լեփեջյան-Բարսումյանը։

Սիրիա վերադառնալու ցանկություն ունեցող հայերից շատերը մեծ հույսեր են կապում նախագահի այս ընտրության և դրա արդյունքում խաղաղության մոտալուտ հաստատման հետ։ Հալեպում հայտնի ծաղկավաճառ Կոկոն՝ Գրիգոր Ստեփանյանը այժմ Երևանում տների վերանորոգմամբ է զբաղվում։

Թե Կոկոն, թե շատ սիրիահայեր ցավով են խոսում ավերված Սիրիայի մասին.- «Ես երկու տարի է այստեղ եմ, յոթ ամիս առաջ գնացել էի Սիրիա, ահավոր վիճակ էր, ուզեցի մորս բերեմ, չստացվեց»,- ասաց Կոկոն։

Հայաստանում հաստատված ավելի քան 11 հազար սիրիահայերից առայժմ պարզ չէ, թե քանիսն են մասնակցում քվեարկությանը։ Դեսպանատունն անցած մեկ ամսվա ընթացքում սիրիահայերին տեղեկացնում էր ընտրության մասին, հորդորում գրանցվել որպես ընտրող, որպեսզի քվեարկելու թույլտվություն ունենան։
XS
SM
MD
LG