Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում են


Հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր մեկնել են Լեռնային Ղարաբաղ։

Համանախագահները Երևանից Ղարաբաղ են ժամանել Քարվաճառով, այսինք Հայաստանը ԼՂ-ին միացնող երկրորդ, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհով։

Քարվաճառի շրջանում նրանք կանգ են առել և հանդիպել բնակչության հետ։ Համանախագահներին ուղեկցում էր ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Համանախագահները եղել են Բերձորում (Լաչին), որտեղ նրանց սպասում էին տեղի բնակիչները։

Ուշագրավ է, որ համանախագահների Բերձոր կատարած այցելությունը համընկել է Լաչինի ազատագրման 22-ամյակի հետ։ Վաղը Բերձորի բնակիչները պատրաստվում են մեծ հանդիսավորությամբ նշել այդ իրադարձությունը։ Այսօր քաղաքի կենտրոնում, որտեղ համանախագահները հանդիպեցին բնակիչների հետ, օրվա խորհուրդը նշանավորող հուշարձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջնորդները այդ թվում և այս շրջաններն են համարում օկուպացված և հենց այս տարածքներն են կոչ անում վերադարձնել Ադրբեջանին։

ԵԱՀԿ-ի կողմից ընդունված տերմինաբանության՝ Լեռնային Ղարաբաղին հարող շրջանների բնակիչները, մինչդեռ, բավական կոշտ են արձագանքում համանախագահների վերջին հայտարարություններին։ Այսօր նրանք նշում էին, որ ամուր կանգնած են այդ հողին ու պաշտպանելու են այն, եթե որևէ մեկը համարձակի այն վերադարձնել Ադրբեջանին։

Համանախագահների հետ Ղարաբաղ է ժամանել նաև ֆրանսիացի նոր համանախագահը՝ Պիեռ Անդիոն, ով մինչ այս նշանակումը Մոլդովայում Ֆրանսիայի դեսպանն էր։

Համանախագահները այսօր կհանդիպեն նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
XS
SM
MD
LG