Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ղարաբաղյան կարգավորման «հնարավորության պատուհան» է տեսնում


ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել «Քարնեգի» հիմնադրամում:

«Խաղաղությունը հասանելի է: Կողմերն հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.», - արձանագրել է դեսպան Ուորլիքը, հավելելով․ - «Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է»:

Ելույթի տեքստը, որի մասին երեկ դեսպան Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել էր, թե այն իրենից ներկայացնում է ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայերեն թարգմանաբար հրապարակված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կայքում:

Ելույթում Ուորլիքն արձանագրել է, որ այս շաբաթ լրանում է հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին, և թեև հաջողվել է խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, դեսպանի գնահատմամբ՝ «ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն»:

«Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են», - փաստել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղ կատարած և կատարելիք այցերի մասին և այդ համատեքստում հայտարարել․ - «Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»:
Նա նաև ներկայացրել է «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, նշելով, որ դրանք կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը, և ընդգծել, որ դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:

«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը», - հավելել է Ուորլիքը, - «Ժամանակն է, որ կողմերը հանձնառություն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Երբ այս բանակցությունները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ»:

Դեսպանը նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունների մասին:

ԱՄՆ դեսպանի պարզաբանումները


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր պարզաբանել է լրագրողներին՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։

«Դրա համար կա 3 պատճառ, առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ոուրլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ 2 մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
XS
SM
MD
LG