Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ հայտարարությունը հրադադարի 20-ամյակի կապակցությամբ


Armenia/Nagorno Karabakh -- The famous monument "We and our Mountains" in Stepanakert has been renovated, 25 September 2013
Armenia/Nagorno Karabakh -- The famous monument "We and our Mountains" in Stepanakert has been renovated, 25 September 2013
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ, այդ համաձայնագիրը որակելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը»:

«Սույն համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար և հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով միջնորդների գործունեության համար», - ասված է հայտարարության մեջ, - «Միևնույն ժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության»։

Արձանագրելով, որ շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ, և որ միայն 2014 թվականի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար դեպք, ԼՂ արտգործնախարարությունը համոզմունք է հայտնում, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և ամուր հիմք կծառայի կայուն և վերջնական խաղաղության հաստատման համար։

«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վստահության և անվտանգության ամրապնդման կարևորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական լարվածության բացառման համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով», - ասում է ԼՂ արտգործնախարարությունը, հիշատակելով 2001 թվականից ի վեր մի շարք նման նախաձեռնություններ և փաստելով․ - «Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից»:

Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղը վերահաստատում է իր առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ», - եզրափակում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG