Մատչելիության հղումներ

Կուտակային համակարգի մասին լրամշակված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Կուտակայինում փոփոխությունները ընդունվեցին առաջին ընթերցմամբ
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած նախագիծը:

Եթե նախագիծն ամբողջությամբ հաստատվի, աշխատողը հնարավորություն կստանա սեփական դիմումի համաձայն չմասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ գործատուն կազատվի վճարները չհաշվարկելու ու կուտակային ֆոնդերին չփոխանցելու համար նախատեսված պատասխանատվությունից:

Պարտադիր կուտակային համակարգից, սակայն, կառավարությունը չի հրաժարվում: Հենց այս հանգամանքը Խորհրդարանի ոչ իշխանական քառյակին երկու մասի բաժանեց. համակարգին դեմ արտահայտվող Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը որոշեցին ձեռնպահ արտահայտվել «լարվածությունը մեղմող կիսաքայլին», իսկ նույն տեսակետն ունեցող ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չհամաձայնեցին միջանկյալ լուծմանը:

«Հաշվի առնելով, որ առկա է կես քայլ առաջ, «Բարգավաճ Հայաստան»-ը չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում: Միևնույն ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը չի քվեարկի դեմ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Եթե ոչ իշխանական ուժերի քառյակում կայացվի որոշում ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը միանալու է այդ նախաձեռնությանը», - հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Կառավարությունը ասում էր` գիտեք, իսկապես ուզում եմ պարտադիրը հանել: Եվ դա իրենց ձեռնտու էր, որովհետև ի վերջո նոր կառավարություն է: Բայց կան հստակ փաստեր, որ ի վերջո բյուջեն ձեռքերը պարզած սպասում է կուտակայինի փոխանցման, կան միջազգային պարտավորվածությունները, ֆոնդեր, որոնք հասարակական կարծիք են միջպետական ձևավորում: Նրանց մոտ մենք կխեղճանանք: Մենք ասում ենք` հավատում ենք ձեր անկեղծությանը, բայց նաև համոզված ենք, որ, միևնույն է, պարտադիրը մնալու է: Չենք ուզում հիմա խաբված լինել. «Ժառանգությունը»-ը դեմ է քվեարկելու նախագծին», - ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

ՀՀԿ-ն չթաքցրեց, որ ոչ իշխանական ուժերի և ակտիվ քաղաքացիների ճնշմամբ է գնացել միջանկյալ այս լուծմանը: Զայրացավ, որ ոչ իշխանական ուժերը ոչ միայն չգնահատեցին իրենց ջանքերը, այլև քննադատեցին:

«Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք էլ դեմ քվեարկենք, տեսնենք արդյունքում ի՞նչ կստացվի: Կամ ձեռնպահ քվեարկենք: Կստացվի, որ հունվարի 1-ից սկսած տույժ-տուգանքների հաշվեգրում, հունվարի 1-ից սկսած բոլոր հաշվարկված-չփոխանցված գումարների պարտադիր փոխանցում տույժ-տուգանքների հետ միասին: Կստացվի քաղաքացիների մեծ դժգոհություն: Ես ապա չեմ հասկանում` դուք քառյակով ինչի՞ համար եք պայքարում», - նշեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ):

Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց. - «Դո'ւք մտածեիք: Նախկինում որ այս ամեն ինչը անում էիք և համառորեն ամիսներ շարունակ, տարիներ չէիք ուզում ընդդիմությանը լսել, ասում էիք` մենք միակ ճիշտն ենք: Ի՞նչ էիք անում... Հիմա մեզ մեղադրում եք, թե ինչու... Մենք ձեզ օգնում ենք հիմա, որ օրենքը, այս կեսքայլը ընդունվի: Դրանից հետո պատրաստ ենք աշխատելու իսկապես նորմալ կենսաթոշակային բարեփոխված համակարգ ունենալու համար»:

Առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխություններով նաև ամրագրվում է, որ անկախ նրանից` աշխատակիցը ցանկանո՞ւմ է մասնակցել պարտադիր կուտակային համակարգին, թե՞ ոչ, պետությունն իր բաժին հինգ տոկոսը բյուջեից փոխանցում է: Ինչպես քննարկումների ժամանակ պնդում էին պատգամավորները, այդ գումարը 21 միլիարդ դրամ է կազմում:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) զգուշացրեց. - «Ես, խնդրեմ, օգնեմ` ձեռնպահ եմ քվեարկում: Բայց դուք հասկացեք` վեց ամիս հետո սա ձնագնդիկի նման հավաքվելու է: Թեկուզ պետության համար: Էս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պիտի 21 միլիարդ շրջանառությունից հանվի: Ինչի՞ համար: Ո՞նց է աճելու այս տնտեսությունը: Իրականում դուք անում եք կիսատ քայլ, բայց, իմ կարծիքով, սա այնպիսի քայլ է, որ սեպտեմբերին երկու քայլ հետ է դառնալու ավտոմատ»:

«Կարծում եմ, այս վերջին պահին որևէ մեկը մյուսին չի կարող բան համոզել: Դրա համար պետք չի կրքեր հասունացնել», - ասաց Աժ նախագահը` քվեարկության դնելով օրինագիծը ու հրապարակելով արդյունքները. - «Կողմ 68, դեմ 12, ձեռնպահ 36»:

ՀԱԿ խմբակցությունը քաղաքացիներին կոչ արեց շարունակել պայքարը, իսկ քաղաքական ուժերին` նախաձեռնել արտահերթ նիստ` իրենց մշակած նախագիծը քննարկելու համար: Դրա հիմնական բաղկացուցիչը, հիշեցնենք, պարտադիր բաղադրիչի կասեցումն է:

Լևոն Զուրաբյանի համար ակնհայտ է, որ իշխանությունները կուտակային բարեփոխումների շղարշի ներքո «աղքատ ժողովրդից վերջին կոպեկը հավաքելու համար» պատճառներ ունեն. - «Նպատակը հետևյալն է. ռեֆորմի անվան տակ փորձել IMF-ից, մնացած այլ ֆինանսական շրջանակներից փողեր ստանալ»:

«Ազատության» հետ զրույցում Զուրաբյանը կրկնեց իրենց մտահոգությունը. պետական մարմինների աշխատակիցները, առանձին ձեռներեցների ենթակայության տակ աշխատողները դիմում գրելու իրավունքից զուրկ կլինեն. - «Այսինքն, ըստ էության, այս պարտադիրի գերեվարությունից, պարտադիրի բանտից նրանք ազատում են մի քանի հազար ակտիվ քաղաքացիների... Պարտադիրը չի հանվում, ամբողջ թափով շարունակվելու է, և իշխանությունն իր առաջ դրել է միայն մեկ խնդիր` չեզոքացնել մի քանի հազար ակտիվ քաղաքացիների, ովքեր այսօր դուրս են գալիս փողոց»:
XS
SM
MD
LG