Մատչելիության հղումներ

Կուտակայինի մասին քառյակի առաջարկները ներկայացվել են կառավարություն


Կուտակայինի մասին քառյակի առաջարկները ներկայացվել են կառավարություն
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը այսօր կառավարությանը ներկայացրեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրացումների շուրջ իրենց առաջարկները։ ՀԱԿ-ը նախաձեռնությանը վերապահումով է միացել։

Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) պնդեց՝ այս առաջարկները չընդունելու դեպքում արտահերթ նիստ կնախաձեռնեն, քննարկման կդնեն իրենց նախագիծը։

«Միևնույն է, այս խնդիրը չի մարելու, միևնույն է, թե’ հասարակությունը, թե’ «Դեմ եմ» շարժումը, թե’ քաղաքական ուժերը հետևողական են լինելու այս խնդրի հարցում: Ճիշտ կլինի, որ ընդառաջ գնան քառյակի նախաձեռնությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Անցած ամսվա վերջին խորհրդարան ներկայացված օրենքի նախագծով գործադիրը չէր նախատեսել կուտակային պարտադիր բաղադրիչից հրաժարում. սահմանափակվել էր կուտակային վճարներ չկատարելու համար անձանց պատասխանատվությունից ազատելու դրույթով։

ԲՀԿ-ի,Դաշնակցության, «Ժառանգության» և ՀԱԿ-ի համար, մինչդեռ, պարտադիր բաղադրիչի վերացումը սկզբունքային է։ Ոչ իշխանական քառյակը կառավարությանն առաջարկում է ներկայացված նախագծում նաև ամրագրել. ՍԴ որոշման հրապարակման օրվանից՝ ապրիլի 2-ից, պարտադիր կուտակային համակարգը գործում է միայն կամավոր սկզբունքով՝ քաղաքացու դիմումի դեպքում:

«Այս սկզբունքի ամրագրումը գործատուին զրկում է աշխատողի գումարներից պահումներ և փոխանցումներ անելու իրավունքից», - ասաց Արծվիկ Մինասյանը։ - «Կառավարությունը այս օրենքն ընդունվելուց հետո տասը օրվա ընթացքում պարտավոր է ընդունել համապատասխան իրավական ակտ` ապահովելու գործատուների և աշխատակիցների ազատ կամարտահայտությունը: Հակառակ դեպքում գործատուն կամ նրա պատասխանատու անձը` հաշվապահը, ցանկացած ազատ շարադրանքի միջոցով կարող է տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին»:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը նաև հունվարի 1-ից հաշվարկված, սակայն կամուրջ հաշվին չփոխանցված, ինչպես նաև կամուրջ հաշվին գտնվող, սակայն ռեեստրին չփոխանցված գումարների վերադարձելիության հարցին են անդրադարձել՝ հետոյին թողնելով կենսաթոշակային ֆոնդերում արդեն գտնվող գումարների վերադարձի հարցը։

Այս լուծումը ՀԱԿ-ին չի բավարարում։ Քառյակի առաջարկները վերապահումով ստորագրած Լևոն Զուրաբյանը կարծում է, որ «պետք է վերադարձվեն մինչ օրս պարտադիր բաղադրիչի արդյունքում ապօրինի գանձված և ֆոնդերում գտնվող ողջ գումարները»։ Այս առաջարկի շուրջ ՀԱԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչները մի քանի ժամ բանակցեցին, բայց այդպես էլ չներառեցին կառավարությանը ներկայացված փաստաթղթում։

Հարցին, թե ինչու քառյակի մյուս ուժերը չընդունեցին իրենց պնդումը, Զուրաբյանը պատասխանեց. - «Իրենք առաջնորդվում են շնից մազ ստանալու սկզբունքով: Բայց մեր վերապահումը հենց դրանից է բխում. մենք կարծում ենք, որ պետք է շատ հստակ դրվեն այդ պահանջները իշխանության առաջ և որևէ բանակցություն այս իշխանությունների հետ համարում ենք անիմաստ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե պարտադիրը դե ֆակտո կասեցվում է, կարող է հայեցողաբար կիրառվել։ Դե ֆակտոյի դե յուրե ամրագրում են պահանջում. - «Քաղաքացուն ասում են` դու ազատ ես, դե ֆակտո դու կարող ես մասնահանում կատարել կամ չկատարել: Եվ մենք շատ լավ գիտենք, որ այդ դե ֆակտոն հիմնականում հատկապես պետական ձեռնարկություններում բռնի ուժով դե յուրե է: Եվ պետք չէ որևէ մեկին մոլորեցնել»:

Այս պահին վիճահարույց օրենքի շուրջ կառավարության բերած նախագիծը ՀԱԿ-ը համարում է խաբեություն։ «Մենք տեղեկություններ ունենք, որ ուղղակիորեն հրահանգներ են տրված համայքներում հիմնարկների ղեկավարներին, որ պետք է անպայման շարունակեն պարտադիր գումարներ գանձելը: Նույնիսկ շանտաժի մեթոդներ են կիրառում: Տեղեր կան, որ պետք է դոտացիաներ ստանան, այդ դոտացիաները ստանալը լինում է միայն այն դեպքում, երբ ղեկավարները հավաքում են կուտակայինի փողերը: Այնպես որ, կառավարության հայտարարած դե ֆակտո պարտադիրի կասեցումը պարզապես սուտ է», - «Ազատությանն» ասաց խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:

Քառյակը կառավարությունից ակնկալում է իր առաջարկների վերաբերյալ հրապարակային դիրքորոշում մինչև մայիսի 10-ը։ Հարցին` եթե ընդունեն, կբավարարվեն արտահերթ նիստ հրավիրելո՞վ, թե՞ կառավարության նախագծին էլ դեմ կարտահայտվեն, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. - «Չգիտեմ: Այստեղ քննարկելու խնդիր է, որովհետև ի վերջո որոշակի դրական քայլ է դա. այդուհանդերձ տույժերը և տուգանքները կասեցվում են: Իհարկե, դա բացարձակ չի լուծում հիմնարար խնդիրը, բայց ամեն դեպքում հետքայլ էլ չէ: Սա, իհարկե, մենք պետք է նաև քննարկենք»:

Ի վերջո,Կառավարությունն այս պահին կհրաժարվի՞ կենսաթոշակների մասին օրենքի ամենավիճահարույց՝ պարտադիր բաղադրիչից, թե՞ ոչ։ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն է կանխատեսում. - «Գրեթե համոզված եմ, որ իշխանությունը արմատական փոփոխություն կուտակայինի հետ կապված չի անելու: Ուղղակի սա գործընթաց է, որ պետք է մեկ անգամ ևս ցույց տանք, որ մենք ունենք նախագիծ, որը այլընտրանքային է, և, բնականաբար, դա արդեն մեզ լիարժեք հնարավորություն կտա արտահերթ նիստ հրավիրելու»:
XS
SM
MD
LG