Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն դեմ է Ուկրաինայի դաշնայնացմանը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական իրադարձությունների շուրջ ուշագրավ հայտարարություններ է արել Ռուսական НТВ հեռուսաալիքի կիրակնօրյա հաղորդման ընթացքում:

Արևմուտքին և Միացյալ Նահանգներին ուղղված մեղադրանքների ստանդարտ չափաբաժնի հետ մեկտեղ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ կտրուկ դեմ է, որ Ուկրաինան վերածվի դաշնային հանրապետության:

«Ուկրաինային դրդել դաշնայնացման շատ վտանգավոր է բոլորի համար», - հայտարարել է Բելառուսի նախագահը` հավելելով. - «Եթե դուք ցանկանում եք պահպանել Ուկրաինան որպես միասնական, ամբողջական և մոնոլիտ պետություն, իսկ ես շատ եմ ցանկանում, որ հենց այդպես էլ լինի, ապա դաշնայնացում չի կարելի թույլ տալ, քանի որ վաղը դա կհանգեցնի Ուկրաինայի մասնատմանը: Դա կկործանի այդ պետությունը: Այսօր այդ գաղափարը կարծես թե գեղեցիկ և հետաքրքիր է հնչում` որոշ շրջանների շահերը կպաշտպանվեն, արևմուտքը` արևմուտքցիներին, արևելքը` արևելքցիներին և այլն, իսկ վաղը ինչ կլինի... Հիմնական խաղացողները հնարավորություն կունենան այդ դաշնայնացման վրա խաղալ: Ասենք, ես Խարկովում կամ Լուգանսկում նստած, համարյա նախագահ եմ` ինչպես Կիևում նստած նախագահը, և եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի դա դա խաղարկել, ապա դա կխաղարկի: Դա կհանգեցնի Ուկրաինայի կործանմանը, բոլորը դա հասկանում են, այդ պատճառով ես կտրուկ դեմ եմ դաշնայնացմանը, որովհետև կողմ եմ միասնական Ուկրաինային»:

Ինչ վերաբերում է ներկայումս Ուկրաինայում նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովի լեգիտիմությանը, որը Ռուսաստանը չի ընդունում, ապա Բելառուսի նախագահը նշել է, որ Տուրչինովի հետ հանդիպել է որպես Ուկրաինայի նախագահի պարտականությունները լեգիտիմ կերպով իրականացնող անձի: Ուկրաինական Ռադան ևս, ըստ Լուկաշենկոյի, գործում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

«Իրենց Սահմանադրության համաձայն՝ եթե չկա նախագահ, ապա նրա պարտականությունները կատարում է Գերագույն ռադայի նախագահը: Այդպես էլ եղել է: Ես կարծում եմ, որ նրանց երկրում նախագահ չկա այն օրից, երբ Յանուկովիչը հեռացավ երկրից: Դրանից հետո ուժի մեջ են Սահմանադրության այն հոդվածները, որոնց համաձայն այդ պաշտոնը տրվում է Տուրչինովին: Եվ այդ պատճառով ինձ համար նա բացարձակ լեգիտիմ է, և Գերագույն ռադան ևս բացարձակ լեգիտիմ եմ համարում», - ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների համար մեղավոր է ոչ այնքան և ոչ միայն Արեւմուտքը, որքան Ուկրաինայի` տարիներ շարունակ խորացած խնդիրներն ու նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարած քաղաքականությունը: Բելառուսի նախագահի կարծիքով` Յանուկիվիչը համատարած կոռուպցիայի և ծանոթ-բարեկամի սկզբունքով կործանման էր հասցրել երկրի տնտեսությունը և կորցրել ժողովրդի վստահությունը: Բացի այդ, նա ժամանակին չի արձագանքել Կիևի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին:

«Պետք չէր փախչել երկրից, այլ պետք էր իշխանությունը կիրառել», - հայտարարել է Լուկաշենկոն: Հակադարձելով լրագրողի մեջբերած Յանուկովիչի փաստարկներին` թե ինքը չի գործել քանի, որ չէր ցանկանում արյուն թափել՝ Լուկաշենկոն բավական զգացմունքային է արձագանքել` շեշտելով, որ այնուամենայնիվ հարյուրից ավելի մարդու արյուն թափվել է, իսկ ահա «Յանուկովիչը տեսեք` մաքուր է և անմեղ»:

«Յանուկովիչն ասում է` չէր ուզում արյունահեղություն, ուրեմն թող արյուն չհեղեր, թող թույլ չտար, որ իրավիճակը դրան հասներ: Պետք էր այն ժամանակ դեռ քայլեր ձեռնարկել․ կա՛մ այդ մարդկանց հետ պայմանավորվել, կա՛մ նրանց ցրել, կա՛մ փող տալ: Բայց պետք էր խնդիրը լուծել, իսկ այն կուտակվում ու կուտակվում էր: Դու նախագահ ես, դո՛ւ էլ ամեն ինչի համար պատասխանատվություն ես կրում, բարի եղիր պատասխան տալ», - հայտարարել է Լուկաշենկոն:

Ղրիմի հարցում Լուկաշոնկոն երկու հակադիր տեսակետներ է հայտնել. մի կողմից Լուկաշենկոն վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ թերակղզին այլևս Ռուսաստանի Դաշնության մաս են համարում, քանի որ այժմ Ռուսաստանն է իրականացնում այնտեղ ղեկավարությունը, իսկ ուկրաինական զորքորը ինքնակամ լքել են տարածքը, հանձնել են զենքը, չեն պայքարել Ղրիմի համար: Այդպիսով, ըստ Լուկաշենկոյի, հենց Ուկրաինան էլ իր գործողություններով փաստացի ընդունել է, որ Ղրիմը Ռուսաստանինն է: Բացի այդ, Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է, և իրեք իրենց դաշնակիցներին աջակցում են ամեն դեպքում: Սակայն, ըստ Լուկաշենկոյի, ընդհանուր առմամբ պետությունների այդպիսի պահվածքին ինքը հավանություն չի տալիս և երկրի տարածքայիին ամբողջականությունը խախտելուն կողմ չէ:
XS
SM
MD
LG