Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ՍԴ-ի որոշումը անհասկանալի է համարում


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանի՝ կենսաթոշակային օրենքի վերաբերյալ որոշումից դեռևս ոչինչ չի կարողանում հասկանալ։

Երեքշաբթի՝ որոշումից տասն օր անց, պաշտպանը խոստովանեց, որ քննարկումներ է անցկացրել իրավաբանների հետ, սակայն հստակ եզրակացության այդպես էլ չեն եկել՝ պետք է արդյոք մինչև սեպտեմբեր աշխատավարձերից պահումներ արվեն, թե՝ ոչ։

«Այս պահին ես՝ ինքս դժվարությամբ եմ կողմնորոշվում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր բնույթ ունի, թե՝ կամավոր։ Այն որ ես՝ մարդու իրավունքների պաշտպանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և ունի 40 իրավաբաններ, որոնք աշխատում են մեր գրասենյակում, մենք բոլորս ինչ-որ իմաստով մոլորված ենք, որովհետև չենք կարողանում հասկանալ՝ ինչպես մեկնել ՍԴ-ի որոշման 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը»,- հայտարարեց Անդրեասյանը։

Օմբուդսմենը ընդգծեց՝ որոշման մի կետով դատարանը օրենքի որոշ կետեր ճանաչում է հակասահմանադրական, իսկ մյուսով՝ նույն օրենքի գործողության ժամկետը երկարաձգում։ Անդրեասյանը ասաց, որ եթե նախկինում ինքը վստահ ասում էր՝ պահումներ պետք չէ անել, ապա հիմա, իրավաբան լինելով հանդերձ, չի կարողանում հստակ պատասխան տալ իրեն դիմող քաղաքացիներին։ Ի դեպ, դատարանի որոշումը հասկանալու համար, ըստ օմբուդսմենի, օգտակար չեն եղել նաև ՍԴ նախագահի և անդամի մեկնաբանությունները։ Փոխարենը հարց է՝ որքանո՞վ էին իրավաչափ դատարանի ներկայացուցիչների մեկնաբանությունները։

«Ես մտահոգիչ եմ համարում նաև այն, որ ՍԴ անդամները, ինչպես և ես, իրավունք չունենք մեկնաբանելու ՍԴ-ի վերջնական որոշումները։ Բայց ի՞նչ անենք, եթե ՍԴ-ի որոշումը մեկնաբանության կարիք ունի», - ասաց օմբուդսմենը։

Այսօր մարդու իրավունքների պաշտպանը ամփոփում էր վերջերս հրապարակած տարեկան զեկույցը, որտեղ ներկայացրել էր իշխանության տարբեր օղակներում արձանագրված թերությունները։ Չնայած հրապարակումից հետո իր հասցեին հնչած քննադատություններին, օմբուդսմենն այսօր հայտարարեց, թե նույն ոճով շարունակելու է, քանի որ քննադատելն իր գործն է։ Ի դեպ, պաշտպանը նոր էր սկսել խոսել զեկույցի մանրամասներից, երբ ասուլիսի դահլիճում լույսերը անջատվեցին։

Լուսավորությունը վերականգնելուց հետո Անդրեասյանը շարունակեց քննադատությունը՝ արձանագրելով, որ ամենաշատ խախտումները դատական համակարգում և տնտեսական դաշտում են։ Ընդ որում, ոչ միայն այս տարի, մինչդեռ պաշտոնյաներից շատերը, քննադատությունների բովանդակությունը ուսումնասիրելու և խնդիրները լուծելու փոխարեն, ըստ օմբուդսմենի, միայն «լեզվին են տալիս».- «Երբ ես ասում եմ՝ լեզվին են տալիս, նկատի չունեմ, որ իրենք իրավունք չունեն չհամաձայնել, բայց ես համարում եմ՝ լեզվին տալ է այն, որ փորձում են երկար լոլոներով, երկար նախադասություններով մոլորեցնել, շեղել»։
XS
SM
MD
LG