Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Բաքուն խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը


Վալերի Գերասիմովի և Զաքիր Հասանովի հանդիպումը Բաքվում, լուսանկարը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի
Վալերի Գերասիմովի և Զաքիր Հասանովի հանդիպումը Բաքվում, լուսանկարը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի ռազմական ղեկավարության հետ:

ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս - ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:

«Մենք [Ադրբեջանի] գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք ռազմատեխնիկական հետագա համագործակցության հարցեր: Այդ համագործակցության ընդլայնման համար հեռանկարներ կան», - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, հայտարարել է Գերասիմովը:

Հատկանշական է, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր՝ 1991 թվականից, սա Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Բաքու:

Բանակցությունների ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցությունը զարգանում է «բարձր մակարդակով [և] բոլոր ուղղություններով՝ ռազմական շինարարության, կրթության և ռազմատեխնիկական»:

«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն են ստանում: Այդ ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը», - ասել է գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացումը հաջող է ընթանում: Հիմնականում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, և այդ համագործակցությունը հաջող է [ընթանում]», - Վալերի Գերասիմովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը:

Անցած տարվա ամռանը հայտնի դարձավ, որ Մոսկվան Բաքվին է վաճառել մի քանի միլիարդ դոլարի այդ թվում հարձակողական նշանակության սպառազինություն: 2013 թվականի օգոստոսի 13-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ ադրբեջանա - ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի: Ընդ որում, Ռուսաստանի նախագահը գլխի շարժումով հաստատեց Ալիև-կրտսերի խոսքերը:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բավականին ուշագրավ ձևով են արձագանքել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի վերաբերյալ Հայաստանում հնչած դժգոհություններին:

«Ցանկացած երկիր կարող է օրենքի շրջանակներում Ռուսաստանից զենք ձեռք բերել», - 2013-ի հունիսի 24-ին Գյումրիում լրագրողներին փոխանցել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Իսկ երկու օր անց Երևանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքը «ընդամենը բիզնես է», և դա «Մոսկվայի բիզնեսն է»:

Յուրաքանչյուր տարի հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով երկու կողմերից զոհվում ու վիրավորվում են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG