Մատչելիության հղումներ

"Ведомости". 2010-ից Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի ռուսական զենք է ձեռք բերել


Ադրբեջան - Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը թեյի սեղանի շուրջ՝ «Զագուլբա» պետական ամառանոցում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջան - Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը թեյի սեղանի շուրջ՝ «Զագուլբա» պետական ամառանոցում, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսական մամուլն այսօր ակտիվորեն անդրադառնում է Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած մեկօրյա այցի մանրամասներին` հիմնականում ընդգծելով այն ջերմ մթնոլորտն ու քննարկվող ոլորտների բազմազանությունը, որոնցով աչքի ընկան երեքշաբթի օրը ադրբեջանական մայրաքաղաքում կայացած բանակցությունները:

“Ведомости”-ն գրում է․ - «Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն առաջին անգամ բարձրաձայնեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները: Նրա խոսքով՝ գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար և աճի միտում ունի»:

“РосОборонЭкспорт” ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները “Ведомости”-ին փոխանցել են, որ 4 միլիարդ դոլար թիվը վերաբերում է միայն 2010-ից ի վեր Բաքվի և Մոսկվայի միջև կնքված գործարքներին: «Չի բացառվում, որ առաջիկայում նոր գործարքներ ևս կնքվեն», - գրում է թերթը:

Մոսկովյան “Коммерстант”-ի պնդմամբ՝ Բաքվում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը էներգետիկ ոլորտում ձեռք բերված համաձայնություններն էին: «Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկայում “Роснефть” ընկերությունը մասնաբաժիններ կստանա Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ-Դենիզ 2» և «Ապշերոն» հանքավայրերում: Վերջնական համաձայնության, սակայն, կողմերը դեռ չեն հանգել», - նշում է մոսկովյան պարբերականը:

”Коммерстант”-ը նաև տեղեկացնում է, որ այս ծրագրերի իրականացման նպատակով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ու “Роснефть”-ը համատեղ ձեռնարկություն կստեղծեն` 50/50 սկզբունքով:

Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի փորձագիտական գնահատականներն է ի մի բերել РИА Новости գործակալությունը: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` հայտնի МГИМО-ի վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կազանցևը նշում է. - «Բաքվի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունի: Ռուսաստանը կովկասյան ուղղության վրա բավական խոցելի է, այն պետք է կարողանա զարգացնել հարաբերություններ թե' Ադրբեջանի և թե' Հայաստանի հետ` հարավային սահմաններին իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով»: Ապա ռուս փորձագետը հավելում է․ - «Պատահական չէ, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ բոլոր միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարողանան փոքր-ինչ լիցքաթափել իրավիճակը»:

Մեկ այլ հայտնի մոսկվացի վերլուծաբան` «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն “Ведомости”-ի թղթակցին ասում է․ - «Ռուսաստանին ձեռնտու է Ալիևների դինաստիայի պահպանումը իշխանության գլխին, ձեռնտու է, որպեսզի չլինեն որևէ փոփոխություններ, որոնք կարող են վնասել Մոսկվայի քաղաքական և տնտեսական շահերին»: «Պուտինի այցի նպատակը Ռուսաստանի շահերի սպասարկումն էր, ուստի կարծում եմ՝ Երևանում այն հանգիստ կընկալվի», - նշել է Մալաշենկոն:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային քաղաքականության և էկոնոմիկայի ինստիտուտի փորձագետ Ալեքսեյ Կրիլովն էլ “Ведомости”-ի հետ զրույցում նկատում է․ - «Հաշվի առնելով Հայաստանի վերջին շրջանի արտաքին քաղաքական քայլերն ու այն իրողությունը, որ նոյեմբերին Երևանը ասոցացման համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ, չի բացառվում, որ [Բաքու-Նովոռոսիյսկ] նավթամուղի հետ կապված և Մոսկվայի համար ձեռնտու նոր համաձայնագրեր լինեն, որոնցով Բաքուն հայկական կողմին ցանկանա ցույց տալ իր հատուկ հարաբերությունները Մոսկվայի հետ»:

Նույն ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռավեսկին էլ РИА Новости-ի հետ զրույցում ասում է․ - «Մոսկվան պետք է մշտապես հիշի, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ գործողություն չպետք է վնասի Հայաստանի շահերին»:

“Независимая Газета”-ն զրուցել է ադրբեջանցի փորձագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ, ով ամփոփելով Պուտինի այցի արդյունքները՝ նշում է․ - «Ռազմաքաղաքական համագործակցությունը այս բանակցությունների կարևորագույն բաղադրիչներից էր: Խոսքը նախևառաջ ղարաբաղյան հիմնախնդրի մասին է, քանի որ առանց Ռուսաստանի մասնակցության հարցի լուծումը անհնարին է»:

Իսկ “Московский Комсомолец”-ի գնահատմամբ` «Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրված Իլհամ Ալիևը կարող է այլևս չանհանգստանալ հոկտեմբերյան ընտրությունների արդյունքների համար՝ նա ստացավ ոչ միայն Վլադիմիր Պուտինի, այլև Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի աջակցությունը»:

Նույն թերթը նկատում է, որ հետաքրիր զուգադիպությամբ՝ Բաքվում գտնվող ռուսական «Դաղստան» ռազմանավի հրամանատարը ևս ազգությամբ ադրբեջանցի էր: «Իմանալով այդ մասին՝ Պուտինը դա խորհրդանշական փաստ որակեց: Թե ինչ էր մտածում Իլհամ Ալիևը՝ հայտնի չէ: Գուցե այն բարոյական աջակցության մասին, որ նախագահական ընտրություններից առաջ իրեն ապահովում է Բաքվում ռուսական ռազմանավերի ներկայությունը, այն էլ՝ ադրբեջանցու հրամանատարության ներքո», - գրում է "Московский Комсомолец"-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG