Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն այցելել է Պռոշյանի սպանված գյուղապետի ընտանիքին


Գլխավոր դատախազն այցելել է Պռոշյանի սպանված գյուղապետի ընտանիքին
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00
Այսօր առավոտյան գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է անցած տարվա ապրիլի 2-ին սպանված նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Դատախազության հաղորդմամբ, Կոստանյանը սպանված գյուղապետի հարազատներին ներկայացրել է գործի նախաքննության ընթացքը, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքները, պարզաբանել հարազատներին հուզող խնդիրները:

Հրաչ Մուրադյանի եղբայր Աշոտ Մուրադյանն ասաց, որ դեռևս չեն ցանկանում դատախազի այցի հետ կապված որևէ մեկնաբանություն անել: Գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյանի բնակիչների հետ, հորդորել անձամբ իրեն ներկայացնել այս դեպքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ տալով գաղտնիության ու անվտանգության երաշխիքներ:

«Խոստացավ, որ՝ աշխատում են, աշխատելու են, առանց միտինգ անելու էլ, ցույց անելու էլ, իրենց գործն է, իրենք պիտի անեն ինչը հնարավոր է», - նշեց Աշոտ Մուրադյանը:

Հրաչ Մուրադյանի սպանությունից մեկ տարի է անցել, սակայն գործը դեռևս նախաքննության փուլում է: Անցած տարվա դեկտեմբերին փոխվեց գործով միակ մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը, նա ստորագրությամբ բաց թողնվեց:

Հիշեցնենք, որ դեռ 2010 թվականին անհայտ անձինք կրակ էին բացել Հրաչ Մուրադյանի ավտոմեքենայի ուղղությամբ, հարուցվել էր քրեական գործ, որն այնուհետև կարճվել էր:

Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը միջնորդել էր, որպեսզի այդ միջադեպի ու Մուրադյանի սպանության գործերը միացվեն, քանի որ հարազատները դրանց միջև կապ են տեսնում: Ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը: Փաստաբանը բողոքարկել է այն վերաքննիչ դատարանում:

«Ինչքան էլ, որ ինձ համոզեն, որ ամեն ինչ արվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ, ես կարծում եմ, որ ոչ», - մեզ հետ զրույցում ասաց Առուստամյանը:

Երեկ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցի կապակցությամբ Պռոշյան էին այցելել նրա մարտական ընկերները, Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ:

«Մի քանի տարիների մեջ եղել են այլ միջադեպեր Հրաչ Մուրադյանի դեմ ուղղված, եղել են այլ սպառնալիքներ, և մենք հավատում ենք, որ եթե այս ամբողջ շղթան հնարավոր լինի վեր հանել, բացել կապերը, այս շղթայի մեջ պիտի նայել նաև հանցագործության եզրափակիչ ակտը», - մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Երեկ պռոշյանցիները ի նշան բողոքի փակել էին Աշտարակ-Երևան ավտոճանապարհի մի հատվածը:

Այսօր գլխավոր դատախազը պռոշյանցիներին ասել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով չեն օգնում նախաքննությանը: Կոստանյանը միաժամանակ զգուշացրել է, որ կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG