Մատչելիության հղումներ

Քառյակը ապրիլի 28-30-ին շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի


Բողոքի ակցիա խորհրդարանի դիմաց, արխիվ
Բողոքի ակցիա խորհրդարանի դիմաց, արխիվ
Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը, Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն, Ազգային ժողովում կայացած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Քառյակը մինչ այդ իրազեկման գործողություններ կնախաձեռնի, նաև՝ մարզերում։

«Խոսքը քաղաքական ուժերի ամբողջական մասին է»,- ընդգծեց Ռուստամյանը։

Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքների օրերը պատահական չեն ընտրվել՝ ապրիլի 28-ին խորհրդարանը կսկսի քննարկել քառյակի ներկայացրած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ամենաուշը 30-ին տեղի կունենա հարցի քվեարկությունը։

«Եթե մեղմ ասեմ՝ ժողովրդի 90 տոկոսը կողմ է, որ կառավարությունը փոխվի, այս թվաբանությունն ավելի կարևոր է, քան կոճակային մեծամասնությունը»,- ասաց Ռուստամյանը՝ չթաքցնելով, որ եռօրյա հանրահավաքների նախաձեռնումը դժգոհ մարդկանց մոբիլիզացնելու ձև է։

«Կկարողանանք հաջողել երկիրն այս վիճակից դուրս բերել, և ես հույս ունեմ, հասարակությունը դա կտեսնի։ Եթե իշխանություններն էլ չտեսնեն, ի վերջո կհասկանան, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և սա վերածվում է ավելի մեծ պայթյունի»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխանություններին զգուշացրել էր՝ ապրիլի 28-ին ընդունել կառավարության հրաժարականը՝ խուսափելով բարիկադներից և ցնցումներից։

Արմեն Ռուստամյանն ասաց՝ ԲՀԿ-ի տեսակետները քառյակում չեն քննարկվել. բարիկադների կառուցումը նա ծայրահեղ քայլ է համարում, որը կարելի է կիրառել բոլոր հնարավորությունները սպառելու դեպքում։

«Դեռ այդպիսի պրոցես տեղի չի ունեցել։ Բարիկադներ կա՞ն, որի վրա կանգնած են, և մենք չկա՞նք»,- հարցրեց նա։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ԱԺ-ի չորս խմբակցությունների ծրագրերը չեն փոխվի, եթե անգամ Սահմանադրական դատարանը դրական որոշում կայացնի և բավարարի կուտակային կենսաթոշակների մասին օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու իրենց հայցը։

«Սա ավելի շուտ ահազանգ է նույն կառավարությանը, որ եթե ուզում են խուսափել անվստահության հարցից, ճիշտ կլինի, որ այդ որոշումից հետո հրաժարական տան, էլ չսպասեն անվստահությանը»,- հորդորեց Ռուստամյանը։

Կառավարությանն անվստահություն հայտնող քառյակը մշտապես խուսափում է պատասխանել կադրային հարցերին՝ հաջողության հասնելու դեպքում ովքեր են իրականացնելու իրենց ծրագրերը։

«Փոխել այս կառավարությունը քառյակով՝ այդպիսի խնդիր չենք դրել։ Մենք խնդիր ունենք կառավարությունը ծրագիրը և քաղաքականությունը փոխել, դրա համար առաջարկում ենք նաև քայլերի փաթեթ»։

«Ոչ թե կազմի փոփոխությունն է մեր խնդիրը, այլ՝ քաղաքականության»,- ասաց Ռուստամյանը՝ չբացառելով նաև հանրապետական վարչապետի մասնակցությունը իրենց պատկերացրած կառավարությանը։

Ռուստամյանն ասաց՝ չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպման համաձայնություն դեռևս չկա.- «Ամբողջ խնդիրը ժամանակի ճիշտ ընտրությունն է, և ըստ էության, գաղափարի դեմ որևէ առարկություն չկա»։

Իշխող Հանրապետականը չի հավատում քառյակի գործողությունների լրջությանը. Արմեն Ռուստամյանը դրան թեթև է վերաբերում.- «Բնականաբար, պիտի չհավատան, չտեսնեն, անընդհատ փորձեն սարկազմի, ծաղրուծանակի վերածեն այս ամեն ինչը»։

Ոչ իշխանական չորս ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարանի օրակարգ կբերեն ստորագրահավաքով՝ որպես արտահերթ հարց։
XS
SM
MD
LG