Մատչելիության հղումներ

«Հրաշալի քառյակը» հաստատակամ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում


«Հրաշալի քառյակը» կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չի բարձրացնի մի դեպքում՝ եթե կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական ներկայացնի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ չցանկացավ գնահատական տալ կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի մտադրությանը՝ ընդգծելով, որ դեռևս նման քայլ արված չէ:

«Մենք ամսի 28-ին գնում ենք անվստահություն հայտնելու: Օրակարգ մտցնելու ենք այդ հարցը, պայմանավորվածությունը դա է: Չգիտեմ ինչու են կասկածում»,- «հրաշալի քառյակի» մտադրությունը վերահաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը անհավանական էր համարել, որ ԲՀԿ-ն հետագայում պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Մարգարյանը ասաց․- «Ես կարծում եմ՝ ճիշտ չէ մի կուսակցության ներկայացուցիչը այլ կուսակցության վերաբերյալ ենթադրություններ անի՝ հավանական կամ ոչ հավանական: Ես կարծում եմ, որ այն ինչ կանի «Բարգավաճը» միայնակ կամ քառյակով, դա որոշվում է այլ ձևաչափով»:

Այս թեմային անդրադարձել էր նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ այլընտրանքը և ընդդիմադիր ուժերը «քաղաքական բլեֆ» անում՝ հասկանալով հանդերձ, որ Կառավարություն ձևավորում է Հանրապետական մեծամասնությունը:

«Ես չգիտեմ այդտեղ ինչն է բլեֆը: Մենք բավականին լուրջ մտադրությամբ անում ենք այն, ինչ հայտարարում ենք: Ինչ կստացվի, ես դժվարանում եմ ասել: Հուսով եմ, որ իշխանությունները ադեկվատ կարձագանքեն այն խնդիրներին, որոնք մենք բարձրացնում ենք և այն քայլերին, որոնց մենք գնում ենք: Եթե չեն արձագանքի և կշարունակեն՝ բլեֆ, չգիտեմ ինչ․․․ անեկդոտային իրենց գործելաոճը կամ արտահայտությունները, կարող եմ ասել՝ կապրենք, կտեսնենք»,- ասաց Մարգարյանը:
XS
SM
MD
LG