Մատչելիության հղումներ

«Դեմ եմ պարտադիրին» շարժումը հեծանվաերթ անցկացրեց


Հեծանվաերթ՝ «Դեմ եմ»-ի հանրահավաքից առաջ
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներն այսօր կազմակերպել էին իրազեկման հեծանվաերթ` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում անցորդներին տեղեկացնելով մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի մասին:

«Մեզ թվում է ակցիան շատ լավն է, եղանակն էլ դրան նպաստում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Կարեն Մելիքյանը:

«Կոնկրետ այս ակցիան իրազեկման բնույթ կրում: Մեկ անգամ հեծանվաերթ արել էինք բավականին հաջող: Կարծում եմ, «Դեմ եմ»-ը նաև սրանով ասում է, թե ինքը ինչին է կողմ: Մենք կողմ ենք առողջ ապրելակերպին և սրանով մենք դա ցույց ենք տալիս», - հավելեց Սրբուհի Ղազարյանը:

Ակցիայի մասնակիցները մարդկանց թռուցիկներ էին բաժանում, հորդորում էին նրանց անտարբեր չմնալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնցից կախված է երկրի ապագան. - «Մենք մեր պայքարը շարունակելու ենք և հնարավորինս շատ մարդկանց ենք փորձելու ընդգրկել այս հակապետական ու հակահայկական օրենքի դեմ պայքարում: Ո'չ պարտադիրին»:

Ավելի քան վեց ամիս բողոքի տարաբնույթ ակցիաների միջոցով շարժումն ակտիվ պահող երիտասարդների հետ «Ազատություն»-ի մի քանի օր առաջ զրուցել էր Տիգրան Սարգսյանի այն հայտարարության շուրջ, որով վարչապետը հարկային արտոնություններ խոստացավ ՏՏ ոլորտին: Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը չբացառեց, որ նման քայլով փորձում են իրենց կողմը գրավել պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ՏՏ ոլորտի աշխատակիցներին, որոնք, ի դեպ, մեծ թիվ են կազմում շարժման մասնակիցների շրջանում: «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն ունենալ, որը նպաստավոր է ոլորտի համար և դրա հետևանքով դեմ շարժումը կողմ կլինի, ապա ես կարող եմ պնդել, որ այո՛, դրա համար ենք անում», - ասել էր նախարարը:

Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ այդ լուրն ուրախալի է, սակայն չի կարող որևէ կապ ունենալ իրենց պայքարի հետ:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանի պնդմամբ` մի բան է լավ լուր ասել, և բոլորովին այլ` այն իրագործելը. - «Շատ-շատ դեպքերում` 99 տոկոսով, չի լինում: Եթե դա իրագործվի, եթե իսկապես ջանք եւ եռանդ դնեն ու աջակցեն ինժեներական ընկերություններին, դա, իհարկե, ես դրական եմ համարում... Մեր պայքարը աշխատողի իրավունքների համար է, իսկ իրենց մշակած օրենքը գործատուին է օգուտ, ոչ մի կերպ չի արտահայտվելու աշխատողի տեսանկյունից»:

Արձագանքելով իշխանական թևից հնչող կարծիքներին, թե այս շարժումը քաղաքական ենթատեքստ է ստանում` նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ բազմիցս նշել են, որ իրենց պայքարը զուտ սոցիալական բնույթ ունի, իսկ ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցում են ընդհանուր նպատակի շրջանակում:

Նախաձեռնության անդամներից Արտաշես Արաբաջյանը «Ազատութան» հետ զրույցում հաստատեց, որ իրենք երեկ հանդիպել են չորս ուժերի ներկայացուցիչների հետ` բացառապես քննարկելու մարտի 22-ի հանրահավաքը. - «Ոչ մի քաղաքականացնելու խնդիր չունենք: Այո', սա քաղաքական հարց է, քաղաքացիական նախաձեռնություն է, բայց մենք ոչ մի քաղաքական միտում չունենք գալ իշխանության` այսպես ասած: Մենք ունենք մի խնդիր. դա կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչ է, և պայքարում ենք դրա դեմ»:
XS
SM
MD
LG