Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը ակցիա անցկացրեց կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված համաժողովում


«Դեմ եմ»-ը ներխուժեց կենսաթոշակային համաժողովի դահլիճ
please wait

No media source currently available

0:00 0:12:19 0:00

«Դեմ եմ»-ը ներխուժեց կենսաթոշակային համաժողովի դահլիճ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները մի քանի րոպեով տապալեցին այսօր «Էլիտ պլազայում» կազմակերպված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված միջազգային համաժողովը։

«Դեմ եմ» գրությամբ ցուցապաստառներով նրանք մուտք գործեցին դահլիճ՝ նախ մեջքով կանգնելով ելույթ ունեցողներին։

«Մեր կարծիքը չեն հաշվի առնում, մենք փորձում ենք նաև իրենց կարծիքը հաշվի չառնել»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Մի քանի րոպե մեջքով կանգնելուց հետո «Դեմ եմ»-ի անդամները մոտեցան ամբիոնին՝ խնդրելով խոսքի իրավունք: Սակայն «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանը թույլ չտվեց՝ սպառնալով դադարեցնել միջոցառումը, ապա անջատեց խոսափողը։ Ակտիվիստները սկսեցին վանկարկել՝ «դեմ ենք»։

«Ում հետաքրքիր է, մեզ առանց միկրոֆոնի էլ կլսի, սա մի օրենք է, որին դեմ է, մեջբերում եմ նախագահի խոսքը, հանրապետության 80 տոկոսը»,- ասաց ակտիվիստ Դավիթ Մանուկյանը։

Ապա ակտիվիստները համաժողովին մասնակցող օտարերկրյա ներկայացուցիչների համար անգլերենով տեղեկացրեցին, որ այժմ նրանք մասնակցում են մի օրենքի քննարկմանը, որին, ըստ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, դեմ է ժողովրդի 80 տոկոսը:

«Դուք ժողովրդավարական երկրներ են ներկայացնում, խնդրում եմ ասել, ժողովրդավար ո՞ր երկրում են մի օրենք պարտադրում, որին դեմ է ժողովրդի 80 տոկոսը»,- համաժողովի մասնակիցներին հարցով դիմեց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը:

Ի դեպ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ այս համաժողովը կազմակերպվել է գաղտնի, թեև կազմակերպիչը կառավարության կողմից ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամն է:

Դավիթ Մանուկյանը նաև ընդգծեց, որ թեև հսկայական գումարներ են ծախսվել հանրությանը այս համակարգի մասին իրազեկելու համար, սակայն մարդիկ տեղեկացված չեն:

«Ես պատասխանատվություն եմ պահանջում, թե որտե՞ղ են ծախսվել այդ իրազեկման գումարները։ Միլիոններ են ծախսվել, չկա, իրազեկում չի եղել»,- ասաց նա.- «Հերի՛ք է, եթե մեծամասնությունը դեմ է, փոխեք այդ սովետական, կոմերիտական մտածելակերպը, որ դուք ճիշտ եք, որովհետև դուք իշխանության գլխին եք, իշխանությունը մենք ենք, մենք ձեզ լիազորել ենք, դուք մեր պատվիրակն եք ընդամենը»։

Երիտասարդների ակցիան ակնհայտորեն դուր չէր եկել համաժողովի որոշ մասնակիցների։ Մի կին փորձեց սաստել նրանց՝ ասելով, թե «ի՞նչ եք արել այս պետության համար, որ նման կոչեր եք հնչեցնում». երիտասարդներից մեկը հակադարձեց՝ «հարկեր ենք վճարում, որից պետական աշխատողը աշխատավարձ է ստանում»։

Պարտադիր կուտակայինը պաշտպանելու գործին լծվեց նաև Սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, ով մինչև վերջ այդպես էլ չներկայացավ՝ գաղտնի պահելով իր ով լինելը:

Նա փորձում էր բողոքի ակցիա անողներին համոզել, որ պարտադիր կուտակային վճարումները պետք է անել՝ հանուն պետության:

«Կան երևույթներ, երբ դու չես կարող այնպես անել, ոնց որ ուզում ես»,- ասում էր Սավգուլյանը։

Նշենք, որ երբ «Դեմ եմ» նախաձեռնության երիտասարդները ժամանեցին «Էլիտ պլազա», համաժողովին մասնակցող վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները արդեն հեռացել էին: Մինչ այդ վարչապետը մոտ կես ժամ ելույթ էր ունեցել՝ փորձելով հիմնավորել, որ պարտադիր կուտակային օրենքը անհրաժեշտություն է: Ինչպե՞ս ենք լուծելու երիտասարդ սերնդի թոշակի խնդիրը, եթե մենք ծերացող բնակչություն ենք, իսկ կյանքի տևողությունը երկարում է, հարցնում էր վարչապետը։

«Ասում են՝ մենք ձեզ չենք վստահում, երկրի վիճակը լավ չէ, կա արտագաղթ... այո՛, այդ ամենը ճիշտ է, բայց շտկելու ճանապարհը ո՞րն է։ Մի ճանապարհ ունենք մենք, ռեֆորմներն են, այլ ճանապարհ չունենք։ Եթե մենք ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ մենք անում ենք, մենք կունենանք այն, ինչ ունենք։ Եթե մենք ուզում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում»,- հայտարարեց վարչապետը։

Վարչապետից բացի այսօրվա համաժողովին ներկա էին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը նրանց շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանության կողքին լինելու և համաշխարհային լավագույն փորձը իրենց փոխանցելու համար: Միջազգային այս կառույցների բոլոր ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը խիստ դրական արտահայտվեցին կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ ընդգծելով, թե այն շատ կարևոր է Հայաստանի համար: Դեսպանը թվարկեց այն առավելությունները, որոնք Հայաստանը կստանա կուտակային կենսաթոշակային համակարգից:

«Առաջինը՝ Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգը կապահովի երաշխավորված և համարժեք թոշակ՝ կենսաթոշակառուների համար: Երկրորդ՝ այդ համակարգի շնորհիվ աշխատողների աշխատավարձերը դուրս կգան ստվերից: Երրորդ՝ այդ համակարգը կպարզեցնի հարկային վարչարարությունը և կկրճատի կոռուպցիոն ռիսկերը: Եվ չորրորդ՝ այն կխթանի տնտեսական զարգացումը»,- ասաց ԱՄՆ-ի դեսպանը՝ հորդորելով կառավարությանը բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը այս նոր համակարգի մասին:

Կենսաթոշակային նոր համակարգի առավելությունների մասին խոսեց նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբանը՝ ընդգծելով, թե այն կօգնի կրճատել տնտեսության ստվերը, աշխատողները կհասկանան, որ ավելի ճիշտ է աշխատել օրինական դաշտում, քանի որ դրանից հետագայում օգուտներ են քաղելու:

Այն, որ չնայած Հայաստանի ժողովրդի 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինին, սակայն միջազգային կառույցներն այս հարցում աջակցում են Հայաստանի իշխանություններին, «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին չի զարմացնում: Նրանք խորհուրդ են տալիս հիշել, թե նույն միջազգային կառույցները ինչպիսի գնահատականներ են տալիս Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին:
XS
SM
MD
LG