Մատչելիության հղումներ

ՎՊ-ի մասին կառավարության առաջարկած փոփոխություններն «ընդունելի չեն»


Ոչ իշխանական ուժերը դեմ են ՎՊ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Ոչ իշխանական ուժերը դեմ են ՎՊ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ) համարում է, որ Վերահսկիչ պալատի վերաբերյալ կառավարության առաջարկած փոփոխությունները չի կարելի ընդունել:

«Ազգային ժողովը ուրիշ գործիք, քան Վերահսկիչ պալատն է, չունի բյուջեի վերահսկողության նկատմամբ: Բազմաթիվ բաներ կան, որ ինքը չի կարող չասել՝ արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Ծախսեր են լինում, որոնց արդյունավետ լինել կամ չլինելը կարող է այդ պահին լուրջ ուսումնասիրության արդյունքում ասել Վերահսկիչ պալատը», - ««Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Անցած շաբաթ կառավարությունը «Վերահսկիչ պալատի մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքներում միանգամից մի շարք փոփոխություններ է առաջարկել, որոնցից ամենաէականներով ՎՊ պաշտոնատար անձինք կարող են զրկվել քաղաքական գնահատականներ հնչեցնելու, ինչպես նաև հայտնաբերված խախտումներին իրավական գնահատականներ տալու իրավունքից:

Այդ փոփոխություններն անընդունելի համարող Վերահսկիչ պալատի առարկություններից որևէ մեկը, կառավարությունը չընդունեց: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանը հայտարարեց․ - «Իրավական գնահատականներ պետք է տան իրավասու մարմինները, իսկ քաղաքական՝ Ազգային ժողովը կամ Հայաստանի նախագահը»:

ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը անցած ամռանը հրապարակած զեկույցում իրավիճակը բնորոշել էր այսպես՝ 2012-ին պետական բյուջեի գումարները մսխվել են: Նա «խիստ ռիսկային» էր համարել նաև ընթացիկ տարվա բյուջեն:

Այս հայտարարությունները «հեքիաթ» որակելուց զատ, նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել էր փոփոխություններ կատարել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում:

Արտահայտությունները սահմանափակող փոփոխությունները փաստորեն առաջարկվեցին նոր զեկույցի հրապարակման նախօրեին:

«Եթե դուր չի գալիս ասածը, ուրեմն պետք է չանել այն, ինչ որ արվում է», - իր կարծիքը հայտնեց Ստեփան Մարգարյանը:

«Ժառանգություն»-ն արդեն այսօր հայտարարում է, որ դեմ է առաջարկված փոփոխություններին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ ԱԺ նախագահը ՎՊ-ի զեկույցն ուղարկել էր դատախազություն, բայց պատժվողների մասին իրավապահները լռում են․ - «Պետք է հիմա արդեն այդ բոլոր հոդվածները, ինչ մասին ասվեց, պետք է դրանք իրականում արդեն ստանային իրենց գնահատականները դատաիրավական դաշտում: Դեռ չեն ստացել»:

Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ խմբակցություն) համոզված է, որ իշխանությունը ցանկանում է հարյուր տոկոսով վերահսկելի դարձնել կառույցը․ - «Հիմա որոշել են օրենքի մեջ փոփոխություն մտցնելով, ըստ էության, Իշխան Զաքարյանի բերանը փակել»:

Իսկ դատախազություն ուղարկված աղմկհարույց զեկույցի մասին Սարգսյանն ասաց, որ եթե դա չի բխում իշխանության շահից կամ ինչ-որ մեկին հակված չեն պատժելու, բացահայտում չի լինի․ - «Այսօր արդեն կարելի է փաստել վստահաբար, որ ներկայացված փաստերը դուր չեկան իշխանությանը, քանի որ իշխանությունը ամենամեծ առնչություններն ունի այդ խախտումների և չարաշահումների մեջ, և դատախազություն ներկայացված բոլոր փաստերը այդպես էլ մնացին ուղղակի ներկայացված փաստեր»:

Տեղեկացնենք նաև, որ Վերահսկիչ պալատի զեկույցները, կրկին կառավարության առաջարկով, պատրաստ լինելուն պես պետք է նախ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներում քննարկվեն, ինչից հետո միայն՝ դահլիճում:
XS
SM
MD
LG