Մատչելիության հղումներ

Առաջարկվել է, որ ՎՊ-ի հաշվետվությունները նախ քննարկվեն խորհրդարանական հանձնաժողովներում


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի մոտ երկու ժամ տեւած նիստում երեկ քննարկվել է շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկած՝ «խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հանրապետականները պնդում էին, որ որոշում կայացվել է՝ չբարձրաձայնելով այն:

Սակայն ԱԺ նախագահի՝ լրագրողներին ներկայացրած որոշ գնահատականներից պարզ դարձավ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է անել ամեն բան, որպեսզի զերծ մնա անակնկալներից, ինչպիսիք, մասնավորապես, տեղի ունեցան խորհրդարանում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ընթացքում: Թերություններ թույլ տված եւ պետական միջոցները յուրացրած անձանց «թալանչիներ» անվանած Հովիկ Աբրահամյանն ասաց, թե իր հնչեցրած գնահատականների համար Գործադիր մարմնի երեկվա նիստում քննադատության չի ենթարկվել: Այնուհանդերձ, որոշել է առաջարկել նոր ձեւաչափ՝ մինչև Ազգային ժողովի ամբիոնից Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լսելը, այն քննարկել նաեւ խորհրդարանական հանձնաժողովներում, ինչը, նկատենք, օրենքով նախատեսված չէ:

Նախագահը, իր հերթին, առաջարկել է փոփոխությունների կատարել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում: Աբրահամյանը հավաստիացրեց, թե չգիտի ինչ է նկատի ունեցել նախագահը․ Վերահսկիչ պալատի լիազորություններն ավելանալո՞ւ, թե՞ պակասելու են: Բայց ասաց, որ առաջիկայում աշխատանքային խումբ է ձեւավորվելու:

«Մարդիկ կան, որ գնահատական տվեցին, ինչպես նաև ես: Բայց այդ գնահատականները տվեցին հաշվետվության ընթացքում, որը ապագայում ապացուցվեց՝ դրանք հիմնավոր չեն: Դրա համար, որպեսզի նման դեպքերից զերծ մնանք, հարկավոր է մինչև հաշվետվությունը ներկայացնելը հիմնավորել՝ իրոք այդ դեպքերը իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ», - նշեց նա՝ հավելելով, որ Հանրապետականի տեսակետը չի փոխվել, եւ խախտումներ կատարած պաշտոնյաները կպատժվեն: - «Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն, եւ դա մեր սուրբ պարտականությունն է»:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերին, Հովիկ Աբրահամյանն ասաց «երբեք մի ասեք՝ երբեք», բայց նաեւ հավաստիացրեց, որ չի լսել այդ մասին, Հանրապետականում էլ Զաքարյանին պատժելու հարցը չի քննարկվել:

Տեղին է, թերևս, հիշեցնել, որ Իշխան Զաքարյանը ՀՀԿ անդամ չէ:

Որոշ գնահատականների համաձայն, հիշեցնենք, վերջին շրջանում Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի միջեւ Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալու պայքար է ընթանում, որը ավելի ակնհայտ դարձավ հատկապես խորհրդարանում ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը ոչ թե պաշտպանեց Կառավարությանն ու վարչապետին, այլ ՎՊ-ի նախագահի ներկայացրած գնահատականներն ավելի պատկերավոր դարձնող հայտարարություններ արեց:

Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ ինքը չի հավակնում 2018-ին դառնալ ՀՀԿ-ի առաջադրելիք նախագահի թեկնածուն․ - «Ուրիշի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել: Ես նման ցանկություն չունեմ: Նման ցանկություն նույնիսկ իմ մտքի ծայրով չի էլ անցնում»:

Իսկ հարցին՝ եթե Սերժ Սարգսյանն իրեն խնդրի մտածել նախագահ դառնալու մասին, կմտածի՞, ԱԺ խոսնակն արձագանքեց․ - «Պիտի ճշտենք՝ Սերժ Սարգսյանը կմտածի՞ տենց բան, որ ես մտածեմ»:

Նա հայտարարեց, թե իր եւ վարչապետի չկա որևէ հակասություն, որը թևերի պայքարի վերաճած լինի, անգամ ասաց, որ վարչապետի հետ ընկերներ են՝ «աշխատանքային, կուսակցական»․ - «Հանրապետության նախագահը թույլ չի տա, որ նման թեւեր ձևավորվեն»:

ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երեկվա նիստում երկու հարց է քննարկվել՝ Վերահսկիչ պալատի զեկույցն ու Սյունիքի նոր մարզպետի նշանակումը: Օֆշորային սկանդալը, որի մեջ, ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, ներքաշված է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդպես էլ իշխող ուժի գերագույն մարմնի քննարկման առարկա չի դարձել:

Հովիկ Աբրահամյանն այս կապակցությամբ ասաց․ - «Ես հարցրել եմ, ասել է՝ նման բան չկա: Մեկ ամիս առաջ եմ հարցրել: Ես իրականությանն եմ հավատում: Երբ պատկան մարմինները իրենք գնահատականը կտան, այն ժամանակ մենք կհավատանք»:

Նշենք, որ նիստի մասնակիցները միաձայն հավանության են արժանացրել Սերժ Սարգսյանի առաջարկը եւ որոշել են Սյունիքի նոր մարզպետ նշանակել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին: Նա, ըստ պաշտոնական հայտարարագրերի, միլիարդատեր է:
XS
SM
MD
LG